---
type: BookChapter
work_id: '972'
book_url: https://nasa.misia.sk/books/1039
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/1039.md
language: am
position: 1
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/2570
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/2570.md
markdown_source: converted
updated_at: '2019-09-28T22:36:41Z'
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/2570.md
  sk: https://nasa.misia.sk/book_chapters/1566.md
---

# Շրջաբերական նամակ Դեկտեմբեր 2015 (Circullar December 2015)

## Chapter 1

**«Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր. 13:8):**

**Շրջաբերական նամակ Դեկտեմբեր 2015**

Սրտանց ողջունում եմ ձեզ Գործք 26:22 համարի խոսքերով. *«Բայց քանի որ Աստված ինձ օգնում էր, ես մինչև այսօր շարունակում եմ փոքրին ու մեծին վկայել,**ուրիշ ոչինչ չասելով, բացի նրանից**, որ մարգարեներն ու Մովսեսն էին ասել գալիք բաների մասին»* (Գործք 26:22): Ամե՛ն: Դա կատարվեց հատկապես Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ, երբ իրա­կա­նացան հարյուրից ավելի մարգարեություններ, և կատարվում է հիմա, երբ իրականանում են վերջին մարգարեությունները: 

Մենք գիտենք, որ Աստված փրկության ծրագիր ունի, որի մասին հաղորդել է Իր մարգարեների միջոցով և որը Նա իրականացնում է փրկության օրվա ընթացքում, որում մենք ապրում ենք: *«Որովհետև Զորաց Տերը որոշեց, և ո՞վ կարող է արգելել, և Նրա ձեռքը մեկնված է, և ո՞վ կարող է Նրան ետ դարձնել»* (Ես.14:27):

Պողոսը կոչում էր ստացել (Գործք 9-րդ գլուխ), և դրանով նաև անմիջական պատասխատատվություն ուներ Աստծո առջև, որն արտահայտված է իր բոլոր թղթերում. *«...Որովհետև ես Աստծո ողջ կամքը ձեզ հաղորդելուց հետ չքաշվեցի»* (Գործք 20:27): Մեր ժամանակներում նույնպես Աստծո ողջ ծրագիրը նորից հաղորդվել է Աստծո կողմից հաստատված անոթի միջոցով և բացահայտվել է Սուրբ Հոգով: 

Համաձայն Աստծո խոստման, որը գրված է ինչպես Հին կտա­կա­րանում, այնպես էլ Նոր կտակարանում (Մաղաքիա 4:5, Մատթ.17:11), հավատարիմ Տերը, որպես երկնային Փեսա Իր գալստից առաջ մարգարե ուղարկեց, որ ամեն բան վերականգնի Իր Եկեղեցում և բերի սկզբնական վիճակին: 

**Նայենք****Աստծո կողմից կոչման և հանձնարարության****աստվածաշնչյան օրինակին**

Մովսեսը կարող էր ասել. *«Ինձ ԵՍ ԵՄ-ն է**ուղարկել**ձեզ մոտ* (Ելից 3:14), որովհետև Տերը նրան անձամբ ասել էր. *«Ուստի արի՛ հիմա, և քեզ Փարավոնի մոտ**ուղարկեմ.**..»*(Ելից 3:10-12,Գործք 7:34): 

Տիրոջ այս հարցին՝ *«**Ու՞մ ուղարկեմ**»,*Եսային պատասխանեց. «Ահա ես, ինձ ուղարկիր» (Եսայի 6:8): Երեմիային Նա ասաց. *«Մի՛ ասա, թե մանուկ եմ, այլ**ուր քեզ ուղարկեմ՝**գնա, և ամեն բան, ինչ քեզ պատվիրեմ՝ խոսիր»* (Երեմիա 1:8):

Տերը Պետրոսին ուղարկեց ճանապարհ ընկնել, *«որովհետև Ես քեզ հեռու, հեթանոսների մեջ եմ ուղարկելու»* (Գործք 22:21), *նրանց աչքերը բացելու համար»*(Գործք 26:17-18): Դա կա­տարվեց քարոզչության միջոցով: 

Հովհ.13:20-ում Տեր Հիսուսը շեշտում է. *«Ով որ ընդունի նրան, ում Ես**կուղարկեմ**, Ինձ է ընդունում, իսկ Ինձ ընդունողը Ինձ ուղարկողին է ընդունում»*: Հովհ.20:21-ում հարուցյալ Տերն ասաց Իր աշակերտներին. *«Ինչպես Իմ Հայրն Ինձ**ուղարկեց**, Ես էլ ձեզ եմ**ուղարկում**»*: 

Տերն Ինքը, որպես Մարդու Որդի, Հովհ. 4:34-ից մինչև Հովհ. 7:8 համարը քսան անգամից ավելի վկայում է, որ Ինքն ուղարկված է: 

Վկայակոչելով Իր գալուստը՝ Տերն ասում է Մաղաքիա .3:1 համարում. *«Ահա ես**ուղարկում եմ**իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստի իմ առաջին»*: Իսկ Մաղաք.4:5-ում գտնում ենք այս խոստումը. *«Ահա ես**կուղարկեմ**ձեզ համար Եղիա մարգարեն...»*: 

Իր 1200 քարոզներում Բրանհամ եղբայրը 200 անգամից ավելի վկայակոչում է Մաղաք.4:5 համարը, որտեղ Տերն Ինքն ասում է, *«Ահա ես կուղարկեմ ձեզ համար**Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ...»* (Մաղաք.4:5): Այս համարում գրվածն իրականացավ մեր ժամանակներում: Այս խոստացված ծառայու­թյան միջոցով պետք է վերականգնվի ամեն բան, ինչ եղել է սկզբնական Եկեղեցում, թե՛ վարդապետությամբ, թե՛ գործերով, ինչպես Տերն այդ հաստատեց Մատթ. 7:11 համարում. *«Ճշմարիտ է, առաջ Եղիան պիտի գա և ամեն բան վերականգնի»*: 

Հովհաննես Մկրտիչը նույնպես գիտեր, թե Աստծո որ խոսքն է իրեն վերաբերում: Դրա համար կարողացավ ասել. *«Ես անա­պատում կանչողի ձայնն եմ՝ «Տիրոջ ճանապարհն ուղղեցեք», ինչպես որ Եսայիա մարգարեն ասաց»*: (Հովհ. 1:23): Մատթ.11:10 համարում Տերն Ինքն ասում է նրա ծառայության մասին. *«Որով­հետև սա նա է, որի համար գրված է.**«Ահա Ես իմ հրեշտակին ուղարկում եմ**Քո առջևից, որ Քո առաջ Քո ճանապարհը պատրաստի»*: 

Այս շարադրանքում չի խոսվում այն ծառայությունների մասին, որոնք Աստված դրել է եկեղեցում՝ առաքյալներ, մարգարեներ, հովիվներ, վարդապետներ և ավետարանիչներ, ոչ էլ երեցների և սարկավագների մասին, եկեղեցում Սուրբ Հոգու պարգևների մասին, այլ խոսվում է վերջին հանձնարարության, վերջին պատ­գամի մասին, որը պետք է քարոզվի ոչ միայն տեղական Եկե­ղեցում, այլև ողջ աշխարհում, որպեսզի Հիսուս Քրիստոսի Եկեղե­ցին վերադառնա սկզբնական վիճակին: 

Ինչպես, որ Հովհաննես Մկրտիչը կարող էր վկայել. *«Եվ ես չգիտեի Նրան, բայց Նա, ով**Ինձ ուղարկեց**ջրով մկրտելու,**Նա ինձ ասաց**...»* (Հովհ. 1:33), նույն վստահությամբ Բրանհամ եղբայրը կարող էր վկայել այն, ինչ իրեն ասվել էր 1933 թվականի հունիսի 11-ին. **«Ինչպես Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց Քրիստոսի առաջին գալստից առաջ, այնպես էլ դու****կու­ղարկվես****մի պատգամով, որը կնախորդի Քրիստոսի երկրորդ գալստին»**: Նա կարող էր վկայել իր անմիջական լիազորության մասին և 1946 թվականի մայիսի 7-ին ունեցած գեր­բնական փոր­ձա­ռության մասին, երբ նա նշանակվեց ծառա­յության: Հրեշտակը, որը գերբնական լույսով մտավ սենյակ, կանգ­նեց նրա առաջ և ասաց. **«Մի՛ վախեցիր, ես****ուղարկվել եմ****քեզ մոտ Ամենակարող Աստծո կողմից»**: Հրեշտակը նրան հանձնա­րարություններ տվեց և ասաց. . «Ինչպես որ երկու նշան տրվեց Մովսեսին, այնպես էլ քեզ կտրվի երկու նշան»: Դա գերբնական ծառայություն էր՝ հաս­տատված արտասովոր բժշկու­թյուններով: Բժշկության հրաշքները մարդկանց ուշադրությունը պետք է ուղղեին Աստծո վրա և այն պատգամի վրա, որը նա պետք է բերեր: 

Մենք արդեն բավական խոսել և գրել ենք Բրանհամ եղբոր առանձնահատուկ ծառայության մասին: Որպես ականատես և վկա՝ կարող եմ վկայել, որ մեր ժամանակներում Աստված նրան օգտագործել և օրհնել է որպես ավետարանիչ և մարգարե ինչպես ուրիշ ոչ ոքի: 

Հիմա այլևս 1933-1946 թվականների ժամանակահատվածում չենք, ոչ էլ 1946-1965 թվականների ժամանակահատվածում, որոնց ընթացքում Աստծո այս մարդը ճանաչված էր իր արթնու­թյան և բացառիկ բժշկությունների հավաքույթներով, որոնք նա անցկացրել է տասներկու երկրում: Հիմա խոսքը այն հատուկ ժա­մանակաշրջանի մասին է, որում մենք ենք ապրում: Աստված Իր փրկության ծրագիրը սահմանել է հավիտենությունից ի վեր և իրականացնում է այն մինչև վերջ Իր կամքի համաձայն: Հով­հաննես Մկրտչի ծառայությունն ավարտվեց մեզ համար ան­ըմբռնելի ձևով՝ գլխատումով (Մատթ. 14:1-12): Բրանհամ եղբայրը մահացավ 1965 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ հարբած վա­րոր­դի պատճառով ավտովթարի զոհ դարձավ: Աստված սխալ­ներ չի անում: Հասկանանք մենք դա, թե ոչ, ավարտվեց Բրանհամ եղբոր ծառայությունը, բայց ոչ Հարս-Եկեղեցու դուրս գալու կանչն ու պատրաստությունը: Պատգամը պետք է տարածվեր աշխարհով մեկ և հասներ բոլոր ժողովուրդներին, լեզուներին և ազգերին: 

**Ուր որ ինձ տանի, ես Նրան կհետևեմ**

Ինձ միշտ հարցնում են, հատկապես ծառայող եղբայրները, թե երբ եմ ես ծանոթացել Բրանհամ եղբոր հետ և որ փորձա­ռու­թյուններն են ամենակարևորը եղել ինձ համար: 

1949 թվականին հայտնի քարոզիչ Դեյվիդ Դյուպլեսիսը հարա­վային Աֆրիկայից, և Լոս Անջելեսից (ԱՄՆ) մի մարդ Հոլ Հերման անունով, որն աղոթում էր հիվանդների համար, քարոզում էին «Ելիմ» հոգեգալստական եկեղեցու հավաքույթների ժամանակ, որի հովիվը քարոզիչ Փոլ Ռաբեն էր, Համբուրգից: Առաջին անգամ Հոլ Հերմանից լսեցի Ուիլյամ Բրանհամի անունը արտասովոր բժշկության պարգևի հետ կապված:

1951 թվականին մասնակցեցի ազատ հոգեգալստականների հա­վաքույթներին Համբուրգում, Էմսբուտելեր փողոցում, հովիվ Օսկար Լարդոնի մոտ: Այս եկեղեցում քարոզում էին նաև Նյու Յորքում բնակվող մի գերմանա-ամերիկացի Հանս Վալդվոգել անու­նով և Շվեյցարիայում բնակվող մի ամերիկացի՝ Ռիչարդ Ռուֆ անունով, որոնք նույնպես հիշատակեցին Ուիլյամ Բրանհամին՝ բժշկության և մարգարեության բացառիկ պարգևի հետ կապված: Այդ ժամանակ ամենուրեք տարածվում էր բժշկության համաշ­խար­հային արթնությունը, որը սկսվել էր Ուիլյամ Բրանհամի միջոցով: 

1953 թվականին «Mehr-Licht» հրատարակության տնօրեն Ալբերտ Գոթզից ստացա «Ուիլյամ Բրանհամ՝ Աստծուց ուղարկված մարդ» գրքի գերմաներեն թարգմանությունը: Հեղինակը ամերի­կացի Գորդոն Լինդսեյն է Տեխաս նահանգի Դալաս քաղաքից: Այն, ինչ գրված էր այդ գրքում, ինձ վրա խորը տպավորություն թողեց: 

Երբ ես իմացա, որ Ուիլյամ Բրանհամը պատրաստվում էր հա­տուկ հավաքույթներ անցկացնել Կարլսրուհե քաղաքում 1955 թվա­կանի օգոստոսի 12-19-ը, ինձ համար պարզ էր, որ պետք է մասնակցեմ: Այնտեղ առաջին անգամ վկա և ականատես եղա նրա զորավոր ծառայության: Այն, ինչ կատարվել էր մեր Տիրոջ մար­գարեական ծառայության ժամանակ, կրկնվում էր մեր աչքերի առջև: Ինչպես Նա կարողացավ ասել Նաթանայելին՝ *«Փիլիպոսը դեռ քեզ չկանչած՝ Ես տեսա քեզ, որ թզենու տակ էիր»*, և Պետրոսին՝ *«Դու Սիմոնն ես՝ Հովնանի որդին»*(Հովհ.1-ին գլուխ), կամ ջրհորի մոտ կանգնած կնոջը, երբ պատմեց նրա կյանքը (Հովհ. 4-րդ գլուխ), նույնը կատարվում էր Բրանհամ եղբոր մար­գարեական ծառայության մեջ: Երբ աղոթում էր հիվանդների հա­մար, Բրանհամ եղբայրը տեսիլքով տեսնում էր բաներ, որոնք հնա­րավոր չէր իմանալ, այն մարդու վերաբերյալ, ում համար աղոթում էր: Երբ նա ասում էր, թե ինչ է տեսել, հիվանդի հավատքն այնքան էր զորանում, որ այդտեղից գնում էր բժշկված: Մար­գարեական տեսիլքների պարգևի հետ կապված նա վկայակոչում էր Հովհ. 14:12 համարը. *«...նա, ով հավատում է Ինձ, գործերը, որ Ես անում եմ, Ինքն էլ պիտի անի»*, նաև Հովհ. 5:19 համարը. *«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Որդին իրենից չի կարող ոչինչ անել,*եթե չտեսնի Հորն անելիս…*»*(Հովհ.5:19): Մարդու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, խոստացված մարգարեն էր (2 Օրինաց 18:18): Ինչպես Նա, Բրանհամ եղբայրն էլ տեսիլքով տեսնում էր բաներ, որոնք վերաբերում էին այն մարդկանց, ում հետ խոսում էր: 

Բոլորս տպավորվել էինք գերբնական և հաստատված մարգա­րեական ծառայությամբ, որովհետև մեր աչքերի առջև կույրերը տեսողություն էին ստանում, խուլերը լսում էին, անդամալույծները քայլում էին: Տեսնում էինք, որ Հիսուս Քրիստոսը հիմա էլ նույնն է, ինչպես այն ժամանակ, երբ քայլում էր երկրի վրա (Եբր. 13:8): Հենց առաջին հավաքույթից ես գիտեի, որ նա Աստծուց ուղարկ­ված մարդ է, որովհետև ոչ ոք չէր կարող այդ բաներն անել, եթե Աստված նրա հետ չլիներ: Բնականաբար, ես շատ էի փափագում անձամբ ծանոթանալ Աստծո այդ մարդու հետ: 

Այդ առիթն ունեցա 1955 թվականի օգոստոսի 15-ին, երկու­շաբթի օրը: Նախկինում երբեք չէի տեսել այդպիսի խոնարհություն և անկեղծություն: Երբ ես կանգնած էի հյուրանոցի ընդունարանի կողքին, Բրանհամ եղբայրը մտավ նախասրահ, նայեց ինձ և աջ ձեռքը բարձրացնելով ասաց. «Դու Ավետարանի քարոզիչ ես, քո կինը կանգնած է մուտքի մոտ»: Հետո ձեռքս սեղմեց և կարճ զրույց ունեցավ ինձ հետ: Այդ փորձառությունը այնքան խորը տպա­վո­րու­թյուն թողեց ինձ վրա, որ ես ուզում էի էլի հաղորդակցվել Աստծո այդ մարդու հետ: 

Այդ պատճառով առիթից օգտվեցի, որ մասնակցեմ 1958 թվա­կանի հունիսին Թեքսասի Դալաս քաղաքում տեղի ունեցող «Voice of healing» մեծ համաժողովին: Առավոտյան և ցերեկվա հավա­քույթ­ներին քարոզում էին համաշխարհային ճանաչում ունեցող շատ ավետարանիչներ, իսկ երեկոյան հիմնական քարոզիչը Բրան­համ եղբայրն էր: Ես ուզում էի իմանալ նրա ծառայության մասին, որովհետև այն տարբերվում էր մյուսների ծառայությունից: Նա պատասխանեց. «Ես մի պատգամ ունեմ, որը դու պետք է տանես»: Մեր զրույցի վերջում նա ասաց. «Ֆրանկ եղբայր, դու Գերմանիա կվերադառնաս այս պատգամով»: Երկու տարի առաջ ես Կանադա էի գնացել կնոջս հետ, այնտեղ տուն էի գնել և մտադիր էի ընդմիշտ մնալ այնտեղ: Այնուամենանայնիվ, ես այս խոսքերն ըն­դու­նեցի որպես ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ: Այդպես հաջորդ տարվա օգոստոսին մենք արդեն վերադարձել էինք Գերմանիա: Դալասում մեր զրույցի ժամանակ Բրանհամ եղբայրն ինձ խնդրեց գնալ Լեո և Գենե եղբայրների մոտ, որոնք ձայնագրում էին նրա քարոզները: Ես նրանցից վերցրեցի հինգ ձայներիզ և նրանց տվեցի իմ հասցեն: 1958 թվականի հունիսի 12-ի՝ «Մենք ուզում ենք տեսնել Հիսուսին» վերնագրով քարոզի սկզբում Բրանհամ եղբայրն անդրադարձավ մեր զրույցին և ասաց. «Քիչ առաջ Գերմանիայից մի եղբայր ողջա­գուրեց ինձ: Այնտեղ ամեն երեկո ունեցել ենք մեկ երեկոյի ընթաց­քում տասը հազար ապաշխարության դեպքեր, հիսուն հազար՝ մեկ երեկոյի ընթացքում»: 

Այդ ժամանակվանից Բրանհամ եղբոր քարոզների բոլոր ձայ­ներիզներն ուղարկվում էին ինձ: Այդպես ես հետևել եմ իր ծա­ռա­յությանը առանց դադարի, մինչև վերջ: 1959 թվականի դեկտեմ­բերին ես սկսեցի թարգմանել նրա քարոզները Կրեֆելդում մի փոքրիկ աղոթքի խմբի մեջ: 1963 թվականի նոյեմբերի 28-ին նա ասաց հավաքույթի ժամանակ. «Ձայներիզներով ծառայու­թյունը տարածված է ամբողջ աշխարհում: Կարծում եմ, որ այդ ձևով Աստված պատգամը տանում է հեթանոսական երկրներ: Այնտեղ դրանք թարգմանվում են: Գերմանիայում այդ ձայներիզ­ները տա­նում են հավաքույթի, որտեղ հարյուրավոր մարդիկ են հավաքված: Դնում են ականջակալները և միացնում ձայներիզը: Այսպես քարոզիչը կանգնում է հարյուրավոր մարդկանց առջև և թարգմա­նում է իր լեզվով այն, ինչ ես ասում եմ»: 

**Ամենակարևոր փորձառությունները**

1962 թվականի ապրիլի 2-ին ծառայության կանչվելուս և հանձ­նարարություն ստանալուս առանձնահատուկ փորձառու­թյանս մա­սին գիտեն բոլորը: Արդեն իսկ 1952 թվականից քարո­զում էի, որովհետև զգում էի, որ կանչված եմ այդ անելու: Բայց այդ օրը ես լսեցի Աստծո թափանցող և հրամայական ձայնը, որն ասաց այս խոսքերը. «**Իմ ծառա, այս քաղաքում քո ժամանակը շուտով կվերջանա: Ես քեզ կուղարկեմ ուրիշ քաղաքներ՝ քարոզելու Իմ Խոսքը»:** Ես պատասխանեցի. «Տեր, նրանք ինձ չեն լսի, նրանք ամեն բան առատորեն ունեն»: Այդ ժամանակ Տերն ինձ պատասխանեց. **«Իմ ծառա, կգա ժամանակ, երբ կլսեն քեզ: Կերակրի պաշար հավաքիր, որովհետև մեծ սով է լինելու: Այն ժամանակ կկանգնես ժողովրդի մեջ և կերակուր կբաժանես»**: Դրան հետևեց պատվերը. **«Իմ ծառա, մի՛ հիմնիր որևէ տե­ղական եկեղեցի և մի՛ հրատարակիր երգարան, որովհետև դա հարանվանության նշան է»**: 

Ու քանի որ նշվել էին սննդամթերքներ՝ կարտոֆիլ, ալյուր, ձեթ, մենք սկսեցինք պաշար հավաքել նկուղում: Մենք սպասում էինք մեծ աղետի, քանի որ այդ ժամանակ էր Բեռլինի ճգնաժամը, Կուբայի ճգնաժամը, և սառը պատերազմը հասել էր գագաթ­նա­կետին: 1961 թվականի օգոստոսին կառուցվեց Բեռլինի պատը, և Արևելյան ու Արևմտյան Գերմանիայում, ինչպես նաև ողջ Եվրո­պայում բոլորը լարված սպասում էին, թե ինչ է լինելու հետո: 

Քանի որ ամիսներ անցան ու ոչ մի սով չեղավ, ես այնպիսի ներքին հուսահատության մեջ էի, որ այլևս չէի ուզում քարոզել: Նոյեմբերին զանգահարեցի Բրանհամ եղբորը և համառորեն հան­դիպում խնդրեցի: Դա տեղի ունեցավ 1962 թվականի դեկտեմ­բերի 3-ին, Ֆրեդ Սոթման և Բենքս Վուդ եղբայրների ներկայու­թյամբ: Ես նստած էի սեղանի մոտ, Բրանհամ եղբոր դիմաց, և նկատեցի, որ նա տեսիլք է տեսնում, քանի որ մի փոքր փակում էր աջ աչքը: Այդ անելով՝ նա ճշգրիտ կերպով կրկնեց իմ կանչվելու բառերը: Այնուհետև բացատրեց ինձ, որ խոսքը մարմնավոր կերակուրի և սովի մասին չէր, ինչպես ես ենթադրել էի, այլ այս ժամանակի համար խոստացված Խոսքի՝ հոգևոր կերակուրի, որի պաշարը պետք է հավաքեի: 

1962 թվականի ապրիլի մեկի իր քարոզում նա ասում է, որ իրեն պատվիրված է կերակրի պաշար հավաքել Ջեֆերսոնվիլում: Դա կատարվում էր քարոզների միջոցով, որոնք ձայնագրվում էին ձայներիզների վրա: Դրա համար ինձ ուղարկվում էր յուրա­քանչյուր քարոզը: Նաև ինձ ասաց, որ սպասեմ կերակուրը բաժա­նելու համար (ոչ թե քարոզելու հանար), մինչև ստանամ մնացածը: Վերջում ինձ հարցրեց, թե կարող եմ արդյոք իր փոխարեն քարո­զել քրիստոնյա գործարարների հավաքույթին, Դեմոս Շա­քարյանի մոտ, Լոս Անջելեսում, որովհետև ինքը պատրաստվում էր տե­ղափոխվել Թուսոն, Արիզոնայի նահանգ: Ու քանի որ վերա­դարձիս թռիչքը նախատեսվում էր Լոս Անջելեսով, ես սիրով համաձայնեցի: 

Ինձ համար մեծ կարևորություն ունի այն, որ ես անձնական հաղորդակցություն եմ ունեցել Բրանհամ եղբոր հետ, եղել եմ նրա տանը, ճաշել եմ իր հետ, նստել եմ իր մեքենան: Նաև ինձ համար թանկ հիշողություն են մեր հեռախոսային զրույցները և նրա կողմից գրված 23 նամակները, որոնցից առաջինը գրվել է 1955 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ վերջինը՝ 1965 թվականի սեպտեմ­բերի 30-ին: Բայց ամենակարևորը եղել է հոգևոր կապը, որը սահմանել էր Աստված: 

Ինչպես բոլոր նրանց համար, ովքեր մտերիմ են եղել Բրանհամ եղբոր հետ, ինձ համար նույնպես մեծ ցնցում էր նրա հան­կարծակի մահը, թեև ես նրան տեսիլքով տեսել էի 1965 թվականի դեկտեմբերի 24-ին ամպով վեր բարձրանալիս: Իր թաղումից մեկ օր առաջ, որը տեղի ունեցավ 1966 թվականի ապրիլի 11-ին, ես կարողացա մեկ անգամ ևս տեսնել Բրանհամ եղբորը թաղման բյուրոյում: Առանց տեսանելի վերքերի նա պառկած էր դագաղում թեթև ժպիտը դեմքին: Գերեզմանոցում առաջնորդող եղբայրը սգացող եկեղեցուն դիմեց հետևյալ խոսքերով. «Մենք այստեղ ենք եկել մարգարեի հարության համար»: 1966 թվականի Զատկի կի­րա­կի օրը հավաքված մարդիկ հույս ունեին, որ նա հարություն է առնելու: Բայց դա տեղի չունեցավ, և նրա աճյունը դրվեց գերեզ­ման, մինչ բոլորը երգում էին. «Միայն հավատա, միայն հավա­տա»: Իսկ ես այն տպավորությունն ունեի, որ իմ հոգևոր աշխարհն ու Բրանհամ եղբոր ծառայության հետ կապված հույսերը խոր­տակ­վել էին: Բայց երբ վերադարձա հյուրանոցի իմ սենյակը, մի խորը խաղաղություն համակեց ինձ և լսեցի սրտիս մեջ. «Այժմ եկել է քո ժամանակը, որ գնաս քաղաքից քաղաք, երկրից երկիր և տանես պատգամը»: 

Հաջորդ երկու օրերին՝ ապրիլի 12-ին և 13-ին ես եղբայրներին հավաքեցի Ջեֆերսոնվիլում: Ուրիշ վայրերից եկած բոլոր մյուս եղբայրները հիասթափված վերադարձել էին տուն թաղումից հե­տո, բացի Լի Վեյլ եղբորից, որը գրել է «Եկեղեցու յոթ շրջանները» գիրքը: Մինչ այդ, անգլերեն լեզվով կար միայն Եկեղեցու շրջան­ների մասին գիրքը և մի գրքույկ «Լավոդիկեի ժամա­նակաշրջանը» վերնագրով, ինչպես նաև «Քսաներորդ դարի մարգարե» և «Մի մարգարե է այցելում հարավային Աֆրիկա» գրքերը: Բրանհամ եղբոր քարոզներից ոչ մեկը դեռ չէր տպագրվել, և ոչ ոք մտադիր չէր տպագրել: Ես առաջարկեցի, որ այդ գործի պատասխա­նատվությունն իր վրա վերցնի Ռոյ Բորդըրս եղբայրը, որը եղել է Բրանհամ եղբոր գործավարը և որին անձամբ ճանաչում էի: Մենք պայմանավորվեցինք, որ ձայներիզների վրա ձայնագրված քա­րոզ­ները տպագրվեն և հրատարակվեն գրքույկ­ների տեսքով, որպեսզի թարգմանվեն այլ լեզուներով: 

Անգլերեն լեզվով հրատարակված իմ առաջին գրքույկում, որի վերնագիրն էր «Only believe the Thus Saith the Lord», ես ներ­կայացրել եմ Բրանհամ եղբոր ծառայությունը: 85000 ընդհա­նուր տպաքանակով գրքույկներ ուղարկվեցին Ջեֆերսոնվիլի հասցեով բոլոր այն երկրները, որոնցում ես քարոզել եմ: Այդպես բոլոր նրանք, ովքեր հետաքրքված էին անգլերեն տպագրված քարոզ­ներով, կարող էին պատվիրել Միացյալ Նահանգներից: Կրեֆել­դում նաև սկսեցինք թարգմանել և ուղարկել գերմաներենով հրատարակված քարոզները: 

1966-67 թվականներին ես արդեն հավաքույթներ էի անցկացրել արևմտյան Եվրոպայի քսանհինգ երկրներում: Այդ հավաքույթների ժամանակ իմ հրավերով Փիրի Գրին եղբայրը նույնպես վկայեց այն ամենի մասին, ինչ ապրել էր Բրանհամ եղբոր հավաքույթների ժամանակ: Այնուհետև եղբայրները սկսեցին թարգմանել նաև ուրիշ լեզուներով: Այսպես մարգարեի հեռանալուց հետո պատ­գամի բանավոր տարածումը համալրվեց տպագրված քարոզների առաքումով: 1968 թվականից ես քարոզել եմ նաև ողջ արևելյան Եվրոպայում, ներառյալ Մոսկվան: Այնուհետև ավելացան Կահի­րեն, Դամասկոսը, Բեյրութը և շատ ուրիշ քաղաքներ բոլոր մայր­ցա­մաքներում, որտեղ ես առիթ ունեցա տանելու աստվածաշնչյան պատգամը: Առատորեն օրհնված տասնչորս տարիներ անցան Աստծո անմիջական առաջնորդությամբ և շատ պտուղ բերեցին Աստծո թագավորության համար: 

Հետո եկավ 1979 թվականը, երբ դժոխքի բոլոր ուժերը բարձ­րացան, որ կործանեն ինձ և Աստծո գործը շատ ծանր զրպարտու­թյուններով ու միտումնավոր վարկաբեկումով: Չարա­խոսում էին նույնիսկ աստվածային կանչի վերաբերյալ՝ այն կասկածի տակ դնելով: Միայն Աստծո շնորհքի և ողորմության շնորհիվ է, որ թշնամուն չհաջողվեց կործանել Աստծո գործը: 

Մի նոր գլուխ սկսեց գրվել, որում հայտնի դարձավ երկու տարբեր սերմերի գոյությունը՝ մեկը գալիս է Խոսք-Սերմից, մյուսը՝ մոլորությունից: Երկուսն էլ աղոթում են Աստծուն Կայենի և Աբելի նման, երկուսն էլ երգում են նույն հոգևոր երգերը: Բայց տարբերությունն ակնհայտ է. ոմանք զրպարտում են, մյուսները՝ զրպարտության ենթարկվում, ոմանք ատում են, մյուսները՝ ատե­լություն ստանում և այլն: 

Այս սխալ ազդեցության պատճառով խառնաշփոթություն ու բաժանումներ եղան, այնպես, որ որոշ վայրերում հայտնվեցին մի քանի «պատգամի եկեղեցիներ»: Բաժանումը երբեք չի կարող լինել Աստծո կողմից դրված ծառայության միջոցով: Սխալ ներ­գոր­ծության տակ եղողների և սեփական ուսմունքները բերող­ների տարբերիչ նշանն այն է, որ նրանք աշակերտներին տանում են իրենց ետևից (Գործք 20:30): Իրենց սեփական ուսմունքներն արդարացնելու համար նրանք թաքնվում են մարգարեի հետևում, որին միշտ առաջ են մղում: Նրանք պնդում են, որ «բոլորն Աստվածաշունչ ունեն, բայց ոչ ոք չի հասկացել»: Այդպիսով, մար­գարեի ասածները չեն փնտրում Աստվածաշնչում և չեն դասա­վորում ըստ Աստվածաշնչի, այլ Աստվածաշնչից վեր են դասում, թեև տասնյակ անգամներ մարգարեն շեշտել է Հայտ­նության 22-րդ գլխի խոսքերը. *«Եվ եթե մեկն այս գրքի մար­գարեության խոս­քերից բան պակասեցնի, Աստված նրա բաժինը կպակասեցնի կյանքի գրքից, սուրբ քաղաքից և այս գրքում գրվածներից»*:

Ոչ ոք իմ չափ շնորհակալ չէ Բրանհամ եղբոր ծառայության համար, ծառայություն, որը նման է եղել մեր Տիրոջ ծառայությանը: Ուիլյամ Բրանհամ մարդը մի ընծայված անոթ էր, որին օգտա­գործում էր Տերը: Անսխալականությունը և իր ծառայության մեջ եղած գերբնական բաները պետք է վերագրվի միմիայն Աստծուն: Դրա համար միայն Աստծուն է պատկանում ողջ փառքը, գոհու­թյունը և երկրպագությունը Տեր Հիսուս Քրիստոսի Անունով: Բայց մարգարեական ծառայության հետ կապված է նաև վարդապետի ծառայությունը, որպեսզի ամեն բան կարգի դրվի աստվա­ծաշնչ­յան ձևով, Աստծո փրկության ծրագրի համաձայն: Տիրո՛ջ որոշումն է եղել, որ ես բերեմ բացահայտված Խոսքը որպես վերջին պատ­գամ: Ես դա չեմ ուզել և չեմ խնդրել: Այնուա­մե­նայնիվ պետք է ևս մեկ անգամ ասվի՝ ինչպես չէր կարող պատգամ լինել առանց պատգամաբերի, այնպես էլ առանց Աստծո այս հանձ­նարարու­թյան աշխարհը երբեք չէր իմանա պատգամի մասին:

Արդեն 50 տարի է, որ Բրանհամ եղբայրը երկրի վրա չէ, ուստի նա չի կարող, ինչպես սխալմամբ կարծում են, նախորդել Քրիս­տոսի երկրորդ գալստին, որին մենք սպասում ենք: Բայց նրա քա­րո­զած աստվածաշնչյան պատգամը հաղորդվում է բոլոր ազ­գե­­րին: Տերը վերցրեց Իր պատգամաբերին, բայց պատգամը շարու­նակ­վում է տարածվել աշխարհով մեկ: Պատգամն այն է, ինչ գրված է Աստծո Խոսքում, ոչ թե Բրանհամ եղբոր ասածների շուրջ մեկնությունները: 

Անկասկած, նա մինչև վերջ մեծ ակնկալիքներ ուներ, սպասում էր այն բաներին, ինչ Աստված անելու է, և մենք կտեսնենք այն բա­ների իրականացումը, որոնք Աստված խոստացել է Իր Խոսքում: Մեջբերում. «**Եկեղեցում այնպիսի զորություն կլինի, որն այդ ժա­մանակ կիջնի: Սուրբ Հոգին այդպես կօծի մարդ­կանց: Նրանք կասեն Խոսքը, և Խոսքը կգործի արար­չական զորու­թյամբ: Եկեղեցին կլինի այնպիսի վիճակում, որ Սուրբ Հոգու լեցունության զորությունը կմտնի Եկեղեցի: Դա կտևի կարճ ժամանակ: Ուշադրություն դարձրեք. դա երկար չի տևի, բայց կատարվելու է**»: (13.03.1960) 

Մեջբերում. **«Բայց երբ այդ ժամանակը գա, երբ ճնշումը լի­նի, այն, ինչ հիմա տեսել եք որոշ ժամանակով, կդրսևորվի ողջ զորությամբ»:** (Դեկտեմբերի 29, 1963)

Ինչպես Հեսուի ժամանակ է ասվել, այդպես կլինի նաև վերջում, *«Ոչ մի բան չպակասեց այն ամեն բարի բաներից, որ Եհովան Իս­րայելի տան համար խոսել էր, բոլորը կատարվեց»* (Հեսու 21:45): 

**Ուխտի տապանակը և լանջապանակը **

Ելից 25-րդ գլխում տեսնում ենք Ուխտի տապանակի ճշգրիտ նկարագրությունը: Դրա տեղը Սրբության Սրբոցում էր, որովհետև այնտեղ էր գտնվում Աստծո բացահայտված Խոսքը: *«Եվ քավո­ւ­թյու­նը տապանակի վրա պետք է դնես վերևից. և տապանակի մեջ դնես այն վկայությունը, որ քեզ կտամ»* (Ելից 25:21): Ուխտի տապանակը մեծ կարևորություն ուներ Իսրայելի ժողովրդի հա­մար, որովհետև դրա մեջ էին Ուխտի ժողովրդին տրված պատ­վի­րանները: Աստծո Խոսքը Ուխտի վկայությունն էր, որն Աստված արել էր Իր ժողովորդի հետ (3 Թագ. 8:21): 

Ո՛չ գավիթում, ո՛չ Սրբարանում, այլ Սրբության Սրբոցում, Ուխ­տի տապանակի մոտ էր Տեր Աստված խոսում Իր ծառա Մովսեսի հետ: *«Եվ Ես կհանդիպեմ քեզ այնտեղ և քավության վրայից, վկայության տապանակի վրա եղած երկու քերովբեների մեջտեղից կհաղորդակցվեմ քեզ հետ՝ ամեն ինչ, որ քեզ պատվիրել եմ Իսրայելի որդիների վերաբերյալ»* (Ելից 25:22): 

Ինչպես քահանայապետը զոհի արյունը բերում էր Ուխտի տա­պանակի քավության վրա (Ղևտ. 16:14), որպեսզի քավության օրը ժո­ղովրդի բոլոր մեղքերը ներվեն (Ղևտ. 16:17), այնպես էլ մեր Փրկի­չը, որպես Աստծո Գառ մորթվեց, որպես Զոհ մեր մեղքերի հա­մար, և Իր արյունով մտավ երկնային Սրբարանը՝ դնելով այն Ուխ­տի տապանակի վրա՝ այդպիսով դատաստանի աթոռը դարձ­նե­լով շնորհաց աթոռ: *«...Այլ բուն Իր արյունով մեկ անգամ այն սրբա­տե­ղին մտավ ու հավիտենական փրկություն ստացավ»*( Եբր. 9:12): 

Մեռնելիս Փրկիչն աղաղակեց. *«Ամեն բան կատարվեց»* (Հովհ. 19:30): Աստված Ուխտ կնքեց մեզ հետ, բացվեց ճանա­պարհը դե­պի Սրբության Սրբոց: *«Որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար»* (Մատթ.26:28): 

Խոստումի երկիրը մտնելիս ժողովուրդը գնում էր Ուխտի տա­պանակի հետևից, որը տանում էին քահանաները: Հորդանանի ջրերը կտրվեցին, երբ Խոսքը կրողները, Աստծո խոստումին հա­վատալով, իրենց ոտքերը դրեցին Հորդանանի ջրի մեջ և մտան խոստումի երկիրը (Հեսու 3–րդ գլուխ): Նույնիսկ Երիքովի պա­րիսպ­ները քանդվեցին, երբ ժողովուրդը հետևեց Ուխտի տա­պանակին Տիրոջ Խոսքի համաձայն:  

Ուխտի տապանակը և այն ամենը, ինչ պատկանում էր Սրբա­րանին և Սրբության Սրբոցին, պետք է պատրաստված լինեին ճիշտ Աստծո կարգադրության համաձայն: 

*«Եվ տես, որ ըստ լեռան վրա քեզ ցույց տրված օրինակի շինես այն»* ( Ելից 25:40): 

*«Այն ամենը, ինչ Տերը հրամայել էր Մովսեսին, Իսրայելի որդիներն ամբողջ գործն այդպես կատարեցին»* (Ելից 39:42):

Տաճարի բացման ժամանակ *«...քահանաները Տիրոջ ուխտի տապանակը ներս տարան և տեղադրեցին իր տեղում...»* (1Մնաց. 5:7): Երբ երկինք բարձրացավ Սողոմոնի աղոթքը ժողովրդի փառաբանության հետ, Տիրոջ փառքը լցրեց տունը: 

Այստեղ դաս կա՝ Աստված ամեն բան կարգի է դրել Իր Ուխտի ժողովրդի հետ, և Իր ձայնը շնորհաց աթոռից հասնում էի Իր ծա­ռային, որն էլ փոխանցում էր ժողովրդին: Անդադար, նաև տաճարի բացման ժամանակ, Աստված զգուշացնում էր Իր ժողովրդին, որ չհեռանան Իրենից և Իր Խոսքից: 

Դժբախտաբար հետագայում դպիրները մոլորեցրին Աստծո ժո­ղովրդին իրենց սեփական մեկնություններով, դրա համար մար­գարեն նրանց հանդիմանեց. *«Ինչպե՞ս եք ասում. «Մենք իմաս­տուններ ենք, և Տիրոջ օրենքը մեզ մոտ է»:**Հիրավի, ստող դպիրը ստող գրչով գրեց այն:**Իմաստուններն ամոթահար եղան, զարհու­րեցին ու բռնվեցին. ահա, մերժել են Տիրոջ Խոսքը, ի՞նչ իմաս­տություն կա նրանց մեջ»* (Երեմիա 8:8,9):

Նույնը բանը կատարվեց նորկտակարանյան եկեղեցու շրջա­նում և մեր ժամանակներում նույնպես: Արդեն այն ժամանակ Պո­ղոս առաքյալը զգուշացրել էր.*«Բայց չար և խաբեբա մարդիկ ավե­լի ու ավելի պիտի խորանան չարության մեջ՝ մոլորեցնելով ու մո­լորվելով... իրենց ականջները ճշմարտությունից հետ կդարձնեն ու առասպելների հետևից գնալով կմոլորվեն »* (2 Տիմոթեոս 3:13 +4:4):

**Լույս և Ճշմարտություն**

Այժմ հասնում ենք երկրորդ կետին: 

Ելից 29-րդ գլխում մանրամասն նկարագրվում է քահանաների հաստատումն իրենց ծառայության մեջ: Վկայության խորանի մուտքի մոտ պետք է խոյ զոհաբերվեր, և պետք է դրա արյունը քսվեր քահանաների աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բթամատին, աջ ոտքի բթամատին: Եվ հետո օծման յուղի միջոցով նրանք ոտքից գլուխ ընծայվում էին Աստծուն իրենց բոլոր մտքերով, գործերով և քայլերով: 

Աստված պատրաստել տվեց դատաստանի լանջապանակը, որը քահանան պետք է կրեր, երբ մտնում էր սրբարանը, որտեղ գտնվում էին նաև ոսկյա աշտանակը և առաջավորության հացերի սեղանը: Լանջապանակի վրա ամրացված էին տասներկու թանկ­ար­ժեք քարեր և փորագրված էին Իսրայելի տասներկու ցեղերի անուն­ները: *«Եվ Ահարոնն Իսրայելի որդիների անունները դա­տաս­տանի լանջապանակով միշտ իր սրտի վրա թող կրի, երբ մտնի սրբարանը՝ նրանց Տիրոջ առջև հիշատակելու համար»* (Ելից 28:29): 

Ելից 28:30-ում կարդում ենք Ուրիմի և Թումիմի՝ լույսի և ճշմար­տու­թյան վերաբերյալ. *«Եվ դատաստանի լանջապանակի մեջ**Ուրի­մը և Թումիմը**դիր, և թող Ահարոնի սրտի վրա լինեն, երբ նա Տիրոջ առջև գնա. և Ահարոնը միշտ իր սրտի վրա թող կրի Իս­րա­յելի որդիների դատաստանը Տիրոջ առջև»*(Ելից 28:30): Քահա­նան միշտ պետք է լանջապանակը կրեր սրբարանը մտնելիս (Ղևտ. 8:8): 

Երբ ինչ-որ մեկը պետք է երազ կամ հայտնություն պատմեր, կամ երբ որևէ հատուկ որոշում պետք է ընդունվեր, պետք է դա արվեր Ուրիմի և Թումիմի առջև: Գերբնական հաստատումը փայ­լող լույսն էր տասներկու քարերի միջից: Եթե ինչ-որ բան ճիշտ էր, և Աստված «այո» էր ասում, լույսը փայլում էր, եթե ճիշտ չէր, չէր փայլում: Երբ Եզրասի և Նեեմիայի ժամանակ իսրայելացիները վերադարձան բաբելոնյան գերությունից, այն ամենը, ինչ վերաբե­րում էր աստվածային ծառայությանը, նորից գործի դրվեց: *«Եվ Աթար­սաթան ասաց նրանց, որ ամենասուրբ բաներից չուտեն, մինչև Ուրիմով ու Թուրիմով մի քահանա վեր կենա»* (Նեեմիա 7:65):

Բրանհամ եղբայրը Ուրիմը և Թումիմը հիշատակել է 138 անգամ՝ այն համեմատելով Աստծո Խոսքի հետ: Մեջբերում. **«Ուրիմը և Թումիմը Ահարոնի կրծքի վրա էին: Ուրիմը և Թումիմը ծածկ­ված էին տասներկու թանկարժեք քարերով... երբ մար­դիկ վստահ չէին լինում, գնում էին Աստծո առջև պատասխան ստանալու համար: Եթե Աստծո կամքն էր, Ուրիմից և Թումիմից լույս էր փայլում: Հակառակ դեպքում Ուրիմը և Թումիմը չէին պատասխանում»**:

**«Ուրիմը և Թումիմը վերացան, երբ վերացավ քահա­նա­յությունը: Աստված հիմա մեկ ուրիշ Ուրիմ և Թումիմ ունի. դա Աստծո Խոսքն է: «Թող Աստծո Խոսքը ճիշտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ»,– ասում է Աստված: «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ Խոսքը մնում է հավիտյան»,– ասում է Հիսուսը»»** (հունիսի 9, 1953 թ., հունվարի 21, 1961 թ. ):  

Միայն այն ժամանակ, երբ փայլում է Խոսքի կատարյալ լույսը, Խոսքը ճրագ է դառնում մեր ոտքերի համար և լույս՝ մեր ճա­նապարհին: Այդ դեպքում դա ճիշտ է և հաստատվում է Նոր Կտա­կարանի առաքյալների վարդապետությամբ (Գործք 2:42): 

Ինչ վերաբերում է Բրանհամ եղբոր ծառայությանը, նա բա­ցահայտեց բոլոր խորհուրդները Սուրբ Հոգուց հայտնություն ստա­նալով՝ սկզբում, Եդեմի պարտեզում կատարվածի վերա­բերյալ, Աստվածության հիմնական ուսմունքի, աստվածաշնչյան մտրտու­թյան, Տերունական Ընթրիքի, նույնիսկ ամուսնության և ամուսնա­լուծության դժվար թեմայի վերաբերյալ, Հայտնության գրքի յոթ կնիք­ների վերաբերյալ: Այն, ինչ հայտնի է եղել մար­գարեին, հայտնի է նաև մեզ, այնպես որ կարող ենք դա փոխանցել քարոզ­չության միջոցով: Վերջում կենդանի Աստծո Եկեղեցին կվերա­դառ­նա իր սկզբնական, ճիշտ վիճակին, որովհետև նա իրոք ճշմար­­տության սյունն ու հաստատությունն է (1 Տիմ. 3:15): Դա է խոս­տումը, և պատգամը խոստման որդիների մեջ (Գաղատ. 4:18) կիրականացնի այն, ինչի համար ուղարկվել է (Եսայի 55:11): 

**Հոգևոր կողմնորոշում **

Այս պահին ամենից շատ տալիս են այս հարցը՝ ովքե՞ր են հիմար կույսերը: Նախքան Մատթ. 25-ի հիմար կույսերի մասին մտահոգվելը, ավելի շատ պիտի մտահոգվենք, որ իմաստուն կույ­սերի շարքում լինենք: Ինչպես բոլորը գիտեն, 24-րդ գլուխը նա­խոր­դում է տասը կույսերի առակին, որը գրված է Մատթ. 25-րդ գլխում: Ես բոլորին խնդրում եմ ուշադիր կարդալ Մատթ. 24-րդ գլուխն աղոթքով: Այնտեղ խոսվում է նաև վերջին փուլի մասին, որում հիմա ապրում ենք. պատերազմներ, սով, երկրաշարժեր, ինչպես նաև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ կբարձ­րա­նան, մեծ նշաններ և հրաշքներ կանեն, որ եթե հնարավոր լինի, մոլորեցնեն նաև ընտրյալներին: Բայց Աստծո ողորմությամբ դա հնարավոր չի լինի: Այնուհետև կարդում ենք մեր Տիրոջ նախա­զգուշացումը. *«Ահա նախօրոք ձեզ ասացի»*: Նաև ասել է. *«Ինչպես որ**կայծակն**արևելքից դուրս է գալիս ու մինչև արևմուտք երևում, այնպես էլ Մարդու Որդու գալուստը կլինի»*. չի ասել, որ դա տարիներ կամ շաբաթներ կտևի: Այնուհետև մեր Տերը խոսում է թզենու մասին, որն արդեն համեմատվել է Իսրայելի հետ Ովսե 9:10 համարում: *«Առակը թզենուց սովորեցեք. երբ նրա ճյուղերն արդեն փափկել են, ու տերևը բուսել է, իմանում եք, որ ամառը մոտ է»* (Մատթ.24:32): Իսրայելի ժողովուրդը վերադառնում է հայրենիք ավելի քան 150 երկրներից (Եսայի 14:1, Երեմիա 31:10, Եզեկիել 26:24, Ղուկաս 21:14): Իսրայելի պետությունը գոյություն ունի 1948 թվականից, և հիմա նորից կա տասնյոթ միլիոն հրեա, ինչպես հոլոքոստից առաջ: 

Տերը նորից ասում է. *«Այդպես էլ դուք. երբ այս ամենը տեսնեք, իմացեք, որ մոտ է, դռներին է»* (Մատթ.24:33,34): Այնուհետև Տերը խոսում է Իր վերադարձի մասին. երկուսը կլինեն անկողնում, կամ արտում, մեկը կվերցվի, մյուսը կմնա: Եվս մեկ անգամ Նա շեշտում է. *«Արդ, արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե ձեր Տերը որ ժամին կգա»*(Մատթ. 24:42): Եվ որպես վերջին նախազգուշացում՝ ասում է. *«Դրա համար դուք էլ պատրաստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ դուք չեք սպասում»* (Մատթ. 24:44): *«Պատրաստ եղեք...»*: Որովհետև պատրաստ եղողները կգնան հարսանիքի խնջույքին: Այն, ինչ մեր Տերը կանխասել է այս գլխում, կատարվում է մեր աչքերի առաջ՝ Իսրայելի հետ կապված, մերձավոր Արևելքի հետ կապված և ողջ աշխարհում: 

Մատթ. 24:45-47 համարներում մինչև Իր վերադարձը կերակրի բաժանման վերաբերյալ: Տերն Ինքը հարց է տալիս. *«Ուրեմն ո՞վ է այն հավատարիմ ու իմաստուն ծառան, որի տերը նրան իր ծա­ռա­ների վրա դրեց, որ նրանց ուտելիքը ժամանակին տա»* (Մատթ. 24:45): Մենք գիտենք, որ ոչ միայն հացով է ապրում մարդը, այլ Աստծո ամեն խոսքով (Մատթ. 4:4, 2 Օրինաց 8:3): Աստված խոս­տացել է, որ ուղարկելու է Իր Խոսքերը լսելու սով (Ամովս 8:11): Երբևէ Տիրոջ սեղանը այսքան ճոխ կերպով պատ­րաստված եղե՞լ է, ինչպես հիմա: Մի՞թե նույն հոգևոր կերակուրը չի բաժանվում աշխարհով մեկ ծառայող եղբայրների միջոցով: Իսկապես, Սուրբ Գրքում գրվածն իրականանում է մեր աչքերի առջև:

Բնականաբար Տերը պետք է խոսեր նաև չար ծառայի մասին 24-րդ գլխի վերջում, 48-51 համարներում: Բայց միշտ էլ այդպես է եղել. նախ Տերն ուղարկում է Իր ծառաներին, որոնք հաղորդում են Իր Խոսքը, այնուհետև հայտնվում են ինքնակոչ մարդիկ, որոնք ներկայացնում են իրենց սեփական մեկնությունները, **բայց չեն կարող պատմել Աստծո կողմից կանչվելու և հանձնա­րա­րություն ստանալու վերաբերյալ: Աստծո համար դա անփո­փոխ է. չկա կոչում առանց ուղարկվելու, և չկա ուղար­կվել առանց կոչման:** Մատթ. 13:34-43 համարներում մեր Տերը խոսել է բարի սերմի մասին, որն Ինքն է ցանել, և դրանից հետո եկել է թշնամին և ցանել է որոմը: Երկուսն էլ աճել են: Մի սերմը Աստծո որդիներն են, մյուսը՝ չարի: Աշխարհում չկա մի երկիր, որտեղ նախ ճշմարիտ պատգամը քարոզված չլինի: 

Մատթ. 25-րդ գլխում Տերը շարունակում է՝ ասելով. *«Այն ժա­մանակ երկնքի թագավորությունը պիտի նմանեցվի տասը կույսե­րի, որոնք վերցրին իրենց լապտերները և դուրս եկան փեսային դիմավորելու»*: Պետք է բոլորը գիտակցեն, որ անմի­ջապես Մատթ. 24-րդ գլխից հետո, Մատթ. 25-րդ գլխի առաջին համարում գրված է. ***«Այն ժամանակ երկնքի թագավորությունը պիտի նմա­նեց­վի...»***: Ո՛չ առաջ, ո՛չ հետո, այլ այն ժամանակ, երբ կատարվում է Մատթ. 24-րդ գլխում գրվածը, և բաժանվում է ճշմարիտ կերա­կուրը, կատարվում է տասը կույսերի առակը երկնքի թագավո­րու­թյունում: Պատգամն ավելի բարձր է հնչում հիմա. *«Ահա փեսան գալիս է, դուրս եկեք նրան դիմավորելու»*:

Սկզբում բոլոր կույսերը ճանապարհ են ընկնում: Նրանք գնում են Փեսային դիմավորելու, լապտերները ձեռքերին: Մինչդեռ իմաս­տուն­ները ճանապարհը գնում են մինչև վերջ: Նրանք իրենց հետ յուղի պաշար են վերցնում: Բոլորն էլ քնեցին և արթնացան, երբ լսվեց կեսգիշերային աղաղակը. «Ահա Փեսան»: Բոլոր կույ­սերն արթնացան, մաքրեցին իրենց լապտերները, բայց վճռական պա­հին հանգան հիմար կույսերի լապտերները, և այն ժամանակ երբ գնում էին, որ վաճառողներից յուղ գնեն, Փեսան եկավ: Իմաս­տունները մտան հարսանիքի սրահը, և դուռը փակվեց: Ավելի ուշ եկան հիմար կույսերը և կանչեցին. *«Տեր, Տեր, բաց մեզ համար»*: Բայց այդ ժամանակ լսվեց անըմբռնելի պատասխանը. *«Ճշմարիտ եմ ասում ձեզ, ես ձեզ չեմ ճանաչում»*: Եվ դրանից անմիջապես հետո հնչում է լուրջ նախազգուշացումը. *«Ուրեմն արթուն եղեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը, որում Մարդու Որդին կգա»*(Մատթ. 25:13): Նորից մտածենք սրա վերա­բերյալ. երբ կանչը հնչում է, կույսերն են գնում Փեսային դիմա­վորելու, իսկ վերջում կանչում են փակ դռան առաջ կանգնած. *«Տեր, Տեր, բաց մեզ համար»*: 

Հիմար կույսերը, որոնց լապտերները հանգան, սկզբում լույս ունեին. նրանք ընդունում են դուրս գալու կանչը, բայց պատ­րաս­տություն չեն տեսնում (Հայտն. 19:7): Աստծո Հոգին առաջնորդում է ողջ Ճշմարտությանը և հնազանդության: Եվ միայն նրանք, ովքեր Աստծո Հոգով առաջնորդվում են ողջ Ճշմարտության մեջ, Աստծո որդիներն են ( Հռոմ. 8:14): Իմաստունները նաև ամաններով յուղ են վերցնում: Այն, ինչ Եղիա մարգարեն այն ժամանակ ասաց, այսօր էլ ուժի մեջ է. *«Կարասից ալյուրը չի վերջանալու ու**կուժից յուղը չի պակասելու**, մինչև այն օրը, երբ Տերը երկրի վրա անձրև տա»* (3 Թագ.17:14): Նրանք ունեն Կյանքի Հացը և Հոգու լեցու­նությունը և ստանալու են վերջին անձրևի առատ օրհնու­թյուն­ները. *«Արդ, եղբայրներս, մինչև Տիրոջ գալուստը համբերող եղեք: Ահա մշակը համբերությամբ սպասում է հողի պատվավոր պտղին, մինչև որ առաջին ու վերջին անձրևն առնի»* (Հակոբ 5:7): Իմաս­տուն կույսերը կազմում են Հարսը, նրանք կհասնեն իրենց նպա­տակին Փեսայի գալստյան ժամանակ: Իմաստուն կույսերը բա­ցար­ձակապես հավատում են Աստծո ամեն Խոսքին: Նրանք ծա­ռայության միջոցով անմիջապես կապված են Աստծո հետ, Ով ավարտին է հասցնում Իր գործը: Նրանք մերժում են ամեն մեկ­նություն և թույլ չեն տա, որ իրենց մոլորեցնեն (2 Կորնթ. 11): Ոչ թե սկիզբն է պսակ ստանում, այլ վերջը: 

**Ինչպե՞ս էին ներկայանում առաքյալները**

Պողոսը սկսում է Հռոմի եկեղեցուն ուղղված իր նամակը այս խոս­­քերով. *«**Պողոս՝ Հիսուս Քրիստոսի ծառա,**կանչված առաքյալ լի­­նելու, առանձնացված Աստծո Ավետարանի համար...»*(Հռոմ. 1:1,2):

Հակոբ առաքյալը սկսում է իր նամակը հետևյալ խոսքերով. *«**Հակոբոսը՝ Աստծո և Տեր Հիսուս Քրիստոսի ծառան**, ամենուրեք ցրված տասներկու ցեղերիդ ողջույն»* (Հակոբ 1:1): 

Պետրոս առաքյալն էլ իր երկրորդ նամակը սկսում է այսպես. *«Սիմոն Պետրոս՝ Հիսուս Քրիստոսի ծառա ...»*(2 Պետր.1:1): 

Տարիների ընթացքում հավատարիմ Տերը բազմիցս ինձ հանձ­նարարություններ է տվել և ամեն անգամ ինձ անվանել է «Իմ ծա­ռա», ինչպես այդ մասին խոսվել է բազմաթիվ շրջաբերական նա­մակներում, նաև 2005 թվականի դեկտեմբերի նամակում: Հի­մար կույսերը ծաղրում են դա, նրանք հավատում են միայն պատ­գա­մաբերի հանձնարարությանը, և չեն հավատում նրա հանձ­նարա­րու­թյանը, որը շարունակում է տանել պատգամը: 

Անկասկած, բոլորը կկանգնեն վերջնական ընտրության առջև: Արդիական է այն, ինչ Պողոսը գրել է ուղարկվելու վերաբերյալ. *«Եվ ինչպե՞ս քարոզեն,**եթե չուղարկվեն՝**ըստ գրվածի. «Որքա՜ն գեղեցիկ են նրանց ոտքերը, որոնք քարոզում են խաղաղության ավե­տարանը և բարի բաների ավետիքը բերում»* (Հռոմ. 10:15): 

Ես էլ կարող եմ Աստծո ողորմությամբ ասել. «Ինձ ուղարկողն ասաց ինձ...»: Բայց դա կապ չունի ինձ հետ որպես մարդու. ես ընդամենը մարդ եմ, մեղավոր, որը ողորմություն է ստացել, ինչպես Բրանհամ եղբայրն էր ասում ինքն իր մասին՝ «a sinner saved by grace»` «շնորհքով փրկված մեղավոր»: Բայց մենք գործ ունենք Աստծո փրկության ծրագրի հետ և այս կարևոր ժամա­նակաշրջանի համար տրված խոստման հետ: Մեր Տիրոջ ասածը միշտ ուժի մեջ է. *«**Ով որ ընդունի նրան, ում Ես կուղարկեմ**, Ինձ է ընդունում»*: Իսկ նրա՞նք, ովքեր չեն ընդունում. *«Եվ եթե որևէ մեկը ձեզ չընդունի ու ձեր խոսքերը չլսի, երբ այդ տնից կամ քաղաքից դուրս գնաք, թոթափեցեք ձեր ոտքերի փոշին»* (Մատթ. 10:14): 

Նա, որ Աստծուց է, կլսի Աստծո Խոսքը, նա, որ վերստին ծնված է, կհավատա Աստծո Խոսքին: Հիմար կույսերը արհամարհանքով անտեսում են այն, ինչ Աստված հիմա է անում: Նրանց, ինչպես և ուրիշներին են վերաբերում այս խոսքերը. *«Տեսեք, անարգողներ և զարմացեք և կործանվեք, քանի որ Ես ձեր օրերում մի գործ եմ կատարում, մի գործ, որի մասին, եթե մեկը ձեզ ասեր, երբեք չպի­տի հավատայիք»* (Գործք 13:41): Իմաստուն կույսերը ոչ միայն լսել են, թե ինչ է անում Աստված այսօր, նրանք ուղղակի բաժին ունեն Աստծո գործի մեջ մինչև վերջ: 

Եկեք ևս մեկ անգամ ընդգծենք Աստծո կողմից ուղարկվելու կարևորությունը: Հայտնության գրքի առաջին գլխի առաջին հա­մա­րում կարդում ենք. «*...իմացրեց իր հրեշտակի միջոցով՝ ուղար­կելով իր Հովհաննես ծառային...»*: Վերջին գլխում գրված է. *«Տերը՝ սուրբ մարգարեների հոգիների Աստվածը, ուղարկեց իր հրեշտա­կին»* (հ.6), և ի վերջո՝ *«Ես՝ Հիսուսս, իմ հրեշտակին ուղարկեցի...»* (հ.16): Լինի դա երկնային թե երկրային պատգա­մաբեր, Աստծո կողմից ուղարկվածը անմիջական հանձնարա­րություն է ստացել նրանից և ասում է Աստծո Խոսքերը (Հովհ. 3:34): Ինչ վերաբերում է այսօր կատարվող ծառայությանը, այն նաև կարևոր նշանա­կություն ունի փրկության պատմության մեջ: 

**Կես դար**

Մեծ երախտագիտությամբ ենք հետադարձ հայացք գցում այն ամենին, ինչ Տերն արել է անցած հիսուն տարիների ընթացքում, Բրանհամ եղբոր հեռանալուց հետո: Այն, որ Բրանհամ եղբայրը խոստացված մարգարեն է եղել, անհերքելի փաստ է: Իրա­կա­նա­ցավ այն ամենը, ինչ մաս էր կազմում մարգարեի և պատգա­մա­բերի եզակի և բացառիկ ծառայության: Բրանհամ եղբայրը որպես մարդ, իրավունք ուներ մարդկային ձգտումներ ունենալու: Նա իրավունք ուներ արտահայտելու իր սպասումները «երրորդ ձգու­մի», յոթ որոտների, վրանի տեսիլքի վերաբերյալ: Նրա մարդ­կա­յին բնությունը չի նսեմացնում Աստծո կողմից ստացած իր ծառա­յությունը: Այդ թեմաների շուրջ նա ասել է դժվարըմբռնելի բաներ, և ցավոք սրտի, հիմա էլ այնպես է, ինչպես այն ժամանակ, երբ Պետրոսը գրեց Պողոսի թղթերի վերաբերյալ. *«Դրանցում մի քանի դժվարիմաց բաներ կան,**որ անուսումներն ու անհաս­տատները ծռում են, ինչպես մյուս գրքերն էլ՝ իրենց անձերի կորստյան համար**»* (2 Պետր.3:16): 

Մեկնություններին բնավ պետք չէ տեղ տալ. դրանք տանում են կործանման: Երբ ամեն բան անցկանցնում ենք Խոսքով, ամեն բան իր ճիշտ տեղում ենք դնում, այդ ժամանակ նույնիսկ դժվար­ըմբռնելի բաները հասկանալի են դառնում առանց որևէ ջանքի: Աստծո հանձնարարությամբ ես ձեզ խնդրում եմ, որ հարգեք Խոս­քը: Սուրբ Գրքի ոչ մի մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի: Դա վերաբերում է նաև յոթերորդ կնիքին, յոթ որոտներին և բոլոր մյուս բաներին, որոնք ամենուրեք տարածվել են Բրանհամ եղբոր հեռանալուց հետո և որոնք սուտ հույսեր են արթնացնում: 

Ոչ ոք չի կարող ինձ խանգարել, որ հավատամ Աստծո Խոսքին այն­պես, ինչպես գրված է և դասավորեմ Բրանհամ եղբոր ասած­նե­րը սուրբգրային համատեքստով: Որքան հաստատ է, որ Տերն ավար­տել է Իր արարչագործության գործը, նույնքան հաս­տատ է, որ Նա Ինքը կավարտի Իր փրկագնման գործը: *«Ոչ թե զորու­թօու­նով, ոչ թե ուժով,**այլ իմ Հոգով**,– ասում է զորաց Տերը»*: (Զաք. 4:6 բ): 

Մենք մեծ ակնկալիքներ ունենք, որ կարճ ժամանակ անց Տերը երկրորդ փուլն է շնորհելու: Մինչև դրա կատարվելը հաստատուն մնանք համբերության մեջ, ինչպես առաքյալն է գրել Եբր.10:36 հա­մարում. *«Որովհետև ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծո կամքը կատարելով՝ խոստումը ստանաք»*: 

Գրված է. *«Որովհետև ինչպես Փարասին սարի վրա՝ վեր է կե­նալու Տերը և բարկանալու է, ինչպես Գաբավոնի ձորում, որ գործի Իր գործը՝ Իր օտարոտի գործը, և կատարի իր պաշտոնը՝ Իր տա­րօ­րինակ պաշտոնը»* (Ես.28:21): 

Ոչ թե լինելու է այն, ինչ մարդիկ են ակնկալում կամ հայտա­րարում, այլ այն, ինչ Աստված է խոստացել. *«Որովհետև Տերն արդարությամբ մի կարճ ու համառոտ բան կանի. Տերը երկրի վրա մի վճռական բան կանի»* (Հռոմ. 9:28):

Հաշվի առնելով ժամանակի լրջությունը, այսօր ավելի, քան երբևէ ուժի մեջ է այն, ինչ Պողոսը գրել է Հռոմ. 16-րդ գլխում. *«Եղբայրներ, աղաչում եմ ձեզ, որ զգուշանաք նրանցից, ովքեր հերձվածներ են ու գայթակղություններ են սարքում այն վարդա­պետությունից դուրս, որ դուք սովորել եք. նրանցից հեռու քաշ­վեցեք: Որովհետև այդպիսիները մեր Տեր Քրիստոսին չեն ծա­ռա­յում, այլ իրենց որովայնին, և պարզամիտների սրտերը քաղցր խոսքերով ու գովասանքով խաբում են»*: 

*«Վերջապես, եղբայրներ, ուրախ եղեք, կատարյալ եղեք, մխի­թարվեցե՛ք, միաբան եղեք, խաղաղություն արեք, և սիրո ու խա­ղաղության Աստվածը ձեզ հետ կլինի»*(2 Կորնթ. 13:11): Ամեն: 

**Միջազգային միսիոներական կենտրոնը**

Երբ 1966 թվականի ապրիլին վերադարձա Բրանհամ եղբոր հուղարկավորությունից և սկսեցի լրիվ դրույքով ծառայությունս, ես չէի պատկերացնում, որ կարճ ժամանակում այդպիսի չափերի է հասնելու միսիոներական գործը: Հենց սկզբից Աստված հոգ տարավ ամեն անհրաժեշտ բանի համար, այնպես որ մինչև այսօր մենք անվճար ենք բաժանել բոլոր գրքույկները, գրքերը, CD և DVD սկավառակները: Նույնիսկ կարիք չեղավ վարկ վերցնելու շենքերի կառուցման համար՝ 1974 թվականին կառուցվեց եկե­ղեցու շենքը, 1978-ին՝ մյուս շենքերը և վերջինը 1990 թվականին: Երբեք փողի մասին չենք խոսել, հանգանակություն չենք արել հատուկ ծրագրերի համար: 

Հատկապես շնորհակալ եմ եղբայրների և քույրերի համար, որոնք իրենց տարբեր տաղանդները Տիրոջն են նվիրել. այն եղ­բայր­ների համար, որոնք ինձ աջակցում են Խոսքի քարոզ­չության մեջ, եկեղեցում ծառայություն անող սարկավագների համար, երգ­չախմբի առաջնորդի համար, որը պատասխանատու է երգի և երա­ժշտության համար, թարգմանիչների համար, որոնք միջազ­գային հավաքույթների ժամանակ համաժամանակյա թարգմանու­թյամբ թարգմանում են տասներկու լեզուներով, նաև թարգմա­նում են գրքույկ­ները, ինչպես նաև նրանց համար, ովքեր աշխա­տում են այստեղ՝ միսիոներական կենտրոնում, գրասեն­յակում, տպա­րա­նում, առաքման ծառայությունում, չմոռանալով նաև նրանց, ովքեր մա­քուր են պահում միսիոներական կենտրոնը թե՛ ներ­սից, թե՛ դրսից: 

Հավատարիմ Տերը մեզ տվել է ոչ միայն հավաքույթի դահլիճը պատշգամբով, այլև ճաշարան և կիրակնօրյա դպրոցը, որը մեզ հնարավորություն է տալիս ամենամսյա հավաքույթների ժամանակ տեղավորելու հազար երկու հարյուրից ավելի մարդու: 

Տերը մեր եղբայրներին օժտել է ամեն անհրաժեշտ տեխնի­կանան հմտություններով և ապահովել է տեխնիկայով: Այդպիսով, ամեն ամսվա շաբաթվա վերջի հավաքույթները հեռարձակվում են ինտերնետով ամբողջ երկրում, և հետո տասնմեկ հազար DVD սկավառակներ են ամեն ամիս ուղարկվում ամբողջ աշխարհում: Նաև գրքերը, գրքույկներն ու շրջաբերական նամակները առանց դժվարության ուղարկվում են մեր թիմի կողմից: 

Ողջ սրտով ուզում եմ շնորհակալություն հայտնել Պոլ Շմիդտ եղբորը և բոլոր եղբայրներին, ովքեր մասնակցում են քարոզչու­թյանը տեղական եկեղեցում, ինչպես նաև բոլոր ծառայող եղբայրներին, որոնք Խոսքը քարոզում են բոլոր երկրներում և բաժանում են մաքուր հոգևոր կերակուրը: Նաև շնորահակալ եմ ձեզանից, եղբայրներ և քույրեր, աշխարհով մեկ միսիոներական գործին աջակցելու համար ձեր աղոթքներով և ընծաներով: Թող Տերը ձեզ վարձահատույց լինի, որովհետև Տիրոջ համար եք արել: 

Այս տարվա ընթացքում կատարած միսիոներական ճանապար­հորդություններիցս յուրաքանչյուրը հաղթանակ է եղել ճշմար­տության համար: Տերն ասել է. *«Եվ արքայության այս Ավետարանը ամբողջ տիեզերքում կքարոզվի՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այն ժամանակ կգա վերջը»* (Մատթ.24:14): Ամեն ամիս 172 երկրներից հազարավոր հավատացյալներ ինտերնետով միանում են մեզ, որ լսեն քարոզները և մասնակցեն հավա­քույթներին: Բազմաթիվ երկրների հեռուստակայաններին, որոնք վաղուց հեռարձակում են մեր հեռուստահաղորդումները, ավելա­ցել է ևս մեկը՝ Պակիստանի Լահոր քաղաքի հեռուստակայանը: Սկզբում արաբական երկրներում կար 23 հեռուստակայան, իսկ հիմա դրանց թիվը հասել է յոթանասունի, և բոլորը ցուցադրում են իմ քարոզները շաբաթը մեկ անգամ: Նաև կանոնավոր կերպով հեռուստահաղորդումներ ենք ունենում Ռումինիայում և Բուլղա­րիայում: Քիչ է մնացել, մինչև պատգամը հասնի վերջին մարդուն: 

Թեև արդեն հիսուն տարի է անցել այն ժամանակվանից, երբ Աստված տուն կանչեց Բրանհամ եղբորը, յուրաքանչյուր տարին, որ Տերը մեզ շնորհում է, շնորհքի տարի է: Այն, ինչ մեր Տերն ասել է, ուժի մեջ է մնում մինչև վերջ. «*Տիրոջ Հոգին ինձ վրա է, որով­հետև ինձ օծեց.**Նա ինձ ուղարկել է**աղքատներին բարի լուրը քա­րո­զելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին ազա­տու­թյուն քարոզելու, կույրերին՝ տեսողություն, հարստահար­ված­նե­րին ազատ արձակելու,**Տիրոջ ընդունելի տարին**քա­րոզելու»*(Ղուկաս 4:18,19): 

Պատգամը սա է՝ գերիներն ազատվում են, պարտքերը մարվում են, ներվում են բոլոր մեղքերը, եթե խոստովանել ենք Նրան և զղջացել ենք դրանց համար, նույնիսկ անհավատության և անհնա­զանդության մեղքերն են ներվում: Թող բոլորը հասկանան ժամա­նակի լրջությունը և ասեն. «Ես լսեցի Աստծո փողի ձայնը, հաս­կացա պատգամը և ընդունեցի հաշտությունը Քրիստոսով և հաշ­տությունը մերձավորիս հետ»: Աստված խոստացել է ամեն բան վերականգնել Իր Եկեղեցում և ամեն բան բերել իր ճիշտ վիճակին: Նրա խոստումներն «այո» և «ամեն» են (2 Կորնթ. 1:20-22): Նա կատարում է Իր խոստումները: Հարս-Եկեղեցին կվերա­դառնա և համընթաց կքայլի Խոսքի հետ և վերջում ամեն տեղ կլինի մեկ սիրտ, մեկ հոգի, ինչպես սկզբում է եղել: 

Որքան հաստատ է, որ Աստված կենդանի է, 1981 թվականի հուն­վարին ես տեսել և ապրել եմ հափշտակությունը: Բոլորը երի­տասարդ էին, բոլորը սպիտակ էին հագել, և բոլորս բարձ­րացանք երկինք և մտանք Նոր Երուսաղեմ: Իմ աղոթքն է, որ այս շրջա­բերական նամակի ամեն ընթերցող Աստծո առաջ շնորհք գտնի, ուղղվի և կարողանա գնալ հարսանիքի խնջույքին Քրիս­տոսի վերադարձի ժամանակ (Հայտն. 19:9): *«Եվ Հոգին ու հարսն ասում են. «Ե՛կ»: Եվ լսողն էլ կասի. «Ե՛կ»*: (Հայտն.22:17):

*«Այս բաները վկայողն ասում է. «Այո՛, ես շուտով գալիս եմ»: Ամե՛ն: Ե՛կ, Տե՛ր Հիսուս»* (Հայտն.22:20):

2016 թվականի համար ողջ սրտով մաղթում ենք բոլորիդ, ամեն երկրում, ամեն քաղաքում, Աստծո տեսանելի օրհնությունները: Բոլորս միասին բարձրացնենք մեր գլուխները, որովհետև գիտենք, որ մեր մարմինների փրկագնումը մոտ է: 

Գործելով Աստծո հանձնարարությամբ՝

Bro. Frank

 

 *«Ես քեզ ազգերի լույս էլ եմ շինել, որ դու իմ փրկությունը լինես մինչև երկրի ծայրը»* (Եսայի 49:6):

 


## Chapter navigation

- [Book contents](https://nasa.misia.sk/books/1039.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/2570.md)
- [Slovensky](https://nasa.misia.sk/book_chapters/1566.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/2570)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/2570.md)
