---
type: BookChapter
work_id: '1006'
book_url: https://nasa.misia.sk/books/3056
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3056.md
language: am
position: 11
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8842
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8842.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8842.md
  bg: https://nasa.misia.sk/book_chapters/4188.md
  fr: https://nasa.misia.sk/book_chapters/1661.md
  sk: https://nasa.misia.sk/book_chapters/1606.md
  th: https://nasa.misia.sk/book_chapters/1881.md
---

# Աստվածաշունչը՝ աշխարհի ամենից շատ կարդացված Գիրքը

## Տերունական ընթրիքը

Տերունական ընթրիքը Տերունական ընթրիքը տոնելու մեջ նույնպես հեթանոսական գաղափարախոսություն է ներթափանցել: Զարմանալի չէ, որ արդեն Ռեֆորմացիայից առաջ, նաև Ռեֆորմացիայի ընթացքում և դրանից հետո աստվածաբանական վեճեր են եղել դրա վերաբերյալ: Հասկանալու համար Տերունական ընթրիքի ճշմարիտ նշանակությունը, պետք է կարդալ Սուրբ Գրքի համապատասխան հատվածները: Առաջին հավատացյալները Տերունական ընթրիքն անվանում էին պարզապես ՙհաց կտրել՚: Դրա համար նրանք հավաքվում էին տներում (Գործք 2:42-47, Գործք 20:7): Զատկի տոնակատարության ժամանակ է մեր Տերը հաստատել այդ Ընթրիքը (Հովհ. 13, Մատթ. 26, Մարկոս 14): Ելից 12-րդ գլխում, երբ Տեր Աստվածը պատվերներ տվեց առաջին Զատկի վերաբերյալ, Նա առաջին անգամ Իսրայելի ժողովրդին անվանեց ՙժողով՚ (Էկլեսիա՝ դուրս գալու կանչված): Նախ պետք է զոհաբերվեր մի գառնուկ, և արյունը պետք է քսվեր դռան դրանդիներին նրանց պաշտպանության համար. ՙԵվ արյունը ձեզ համար նշան լինի (գերմաներենում՝ ՙպաշտպանության նշան՚. ծան. թարգմ.) ձեր եղած տների վրա և երբ արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ, և հարվածը ձեր վրա պիտի չգա ձեզ կորցնելու համար, երբ Եգիպտոսի երկիրը զարկեմ՚ (Ելից 12:13): Գառան միսը պետք է պատրաստեին և ուտեին անթթխմոր հացով: Պողոս առաքյալը սա է վկայակոչում, երբ գրում է 1 Կորնթ. 5:7 համարում. ՙՀին խմորը դեն գցեք, որ նոր զանգված լինեք, ինչպես որ անխմոր եք. որովհետև մեր զատիկը՝ Քրիստոսը մեզ համար մորթվեց՚: Հովհ. 6-րդ գլխում կարդում ենք առանձնահատուկ առակը, որտեղ Տերն Իրեն համեմատում է հացի խորհրդանիշի հետ. ՙԵս եմ Կենաց Հացը... Ես եմ կենդանի Հացը, որ երկնքից իջավ՚: (Նախ Ինքը Հացն է, հետո տալիս է այն): Եթե մեկն այս հացից ուտի, նա հավիտյան պիտի ապրի, և հացը, որ ես պիտի տամ, Իմ մարմինն է, որը Ես պիտի տամ աշխարհի կյանքի համար՚: ՙԵթե Մարդու Որդու մարմինը չուտեք ու արյունը չխմեք, ձեր անձերի մեջ կյանք չեք ունենա՚: ՙ... այս հացն ուտողը հավիտյան կապրի՚: Մատթ. 26-րդ գլխում աշակերտները հարցրին. ՙՈրտե՞ղ ես ուզում, որ պատրաստենք Քեզ համար զատիկն ուտելու՚ (հ.17): ՙԵվ նրանք դեռ ուտում էին, Հիսուսը հացն առավ ու օրհնելով կտրեց, աշակերտներին տվեց ու ասաց. ՙԱռեք, կերեք, այս է իմ մարմինը՚(հ. 26): Իսկ հետո 27- րդ համարում. ՙԵվ բաժակը վերցրեց, գոհացավ, նրանց տվեց ու ասաց. ՙԲոլորդ խմեցեք դրանից՚: Եվ միայն դրանից հետո ասաց. ՙՈրովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար՚ (նայեք նաև Մարկոս 14:24, 25 համարները): Նրանք կերան հացը և խմեցին գինին: Խոսելով գավաթի գինու մասին՝ Փրկիչն ասաց. ՙՄիայն, ասում եմ ձեզ, այսուհետև որթատունկի այս բերքից այլևս չեմ խմի մինչև այն օրը, երբ այն ձեզ հետ կխմեմ իմ Հոր արքայության մեջ՚: (Մատթ. 26:29): Փրկիչը թափեց Իր արյունը՝ մեզ շնորհելով մեղքերի թողություն և Աստծո հետ հաշտություն: Հացը և գինին չեն կարող փոխվել, և կարիք չկա, որ փոխվեն. Քրիստոսը չի կարող և կարիք չկա, որ երկրորդ անգամ զոհաբերվի, որովհետև դա եղել է մեկընդմիշտ: Աստվածային փրկության ծրագրի համաձայն Նա ՙմեկ անգամ ընդմիշտ մտավ սրբարանը՝ մեզ համար հավիտենական փրկություն ապահովելով՚ (Եբր. 9:12): Ամեն: Հիմնական միքտն արդեն գրված էր Ղևտ. 17:11 համարում. ՙՈրովհետև մարմնի հոգին արյան մեջ է՚: Փրկչի արյան մեջ էր աստվածային հավիտենական կյանքը: Աստծո Որդու Արյունով փրկագնվածների և Խոսքից ու Հոգուց ծնվածների (Հովհ. 3:3, Հակոբ 1:18, 1 Պետրոս 1:23) մեջ կա նույն հավիտենական կյանքը, որն Աստծո Որդու մեջ էր (1 Հովհ. 5:11-13): Պողոսը բոլորի համար հասկանալի ձևով գրել է 1 Կորնթ. 10:16, 17 համարներում. ՙՕրհնության այն բաժակը, որ օրհնում ենք, չէ՞ որ հաղորդություն է Քրիստոսի արյան: Այն հացը, որ կտրում ենք, չէ՞ որ հաղորդություն է Քրիստոսի մարմնին: Որովհետև մենք շատերս մեկ հաց, մեկ մարմին ենք, քանի որ ամենքս այն մեկ հացից ենք ճաշակում՚: 1 Կորնթ.11:23-34 համարներում առաքյալը գրում է այդ մասին. ՙՈրովհետև քանի անգամ, որ այս հացն ուտեք ու և այս բաժակը խմեք, Տիրոջ մահն եք պատմում, մինչև որ նա գա: Ուրեմն ով որ ուտի այս հացը կամ Տիրոջ բաժակը խմի անարժանաբար, նա պարտական կլինի Տիրոջ մարմնին ու արյունին՚ (հհ. 26.27): Տերունական ընթրիքի տոնակատարությունը պաշտամունքի գագաթնակետն է: Յուրաքանչյուրն Աստծո առջև քննում է իր անձը և ներում խնդրում: Անկեղծ աղոթքով և ակնածանքով է տոնվում Տերունական ընթրիքը՝ որպես հիշատակ Նրա մարմնի զոհաբերության և մեզ համար թափված սուրբ Արյան: Անթթխմոր հացն աղոթքով օրհնվում է եկեղեցու առջև և բաժանվում բոլորին: Այդպես են արել առաջին քրիստոնյաները, և այդպես է փոխանցվել սա Նոր Կտակարանի Եկեղեցուն:


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8841.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3056.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8843.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8842.md)
- [български език](https://nasa.misia.sk/book_chapters/4188.md)
- [Français](https://nasa.misia.sk/book_chapters/1661.md)
- [Slovensky](https://nasa.misia.sk/book_chapters/1606.md)
- [ไทย (Thai)](https://nasa.misia.sk/book_chapters/1881.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8842)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8842.md)
