Circular Letter

Շրջաբերական նամակ — Հոկտեմբեր 2017

Ewald Frank

calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks
Listen

ՙՀիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան՚ Շրջաբերական նամակ Հոկտեմբեր 2017 Էվալդ Ֆրանկ Սրտանց ողջունում եմ ողջ աշխարհի բոլոր երկրներում, բոլոր լեզուներով խոսող ճշմարիտ, աստվածաշնչյան հավատացյալներին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի թանկագին Անունով, 1 Տիմ. 6:13-15-ի խոսքերով. ՙ... պատվիրում եմ քեզ, որ դու այս պատվիրանը անբիծ ու անհանդիմանելի պահես՝ մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելը. որին իր ժամանակին ցույց պիտի տա Նա՝ Երանելին և միակ Հզորը, թագավորների Թագավորը և տերերի Տերը՚ (1 Տիմ. 6:13-15): Սա սուրբգրային ամենակարևոր հատվածներից մեկն է, որը վերաբերում է Քրիստոսի վերադարձից առաջ Աստծո տված հանձնարարությանը: Խոսքը Աստծո տված հանձնարարության մասին է, որը պետք է կատարվի առանց արատի կամ թերության մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությունը: Չկա կոչում առանց հանձնարարության, և չկա հանձնարարություն առանց կոչման: Հնարավո՞ր է կատարել Աստծո տված հանձնարարությունը: Այո, Աստծո օգնությամբ հնարավոր է: Նոյի մասին գրված է, որ նա ճշտորեն կատարեց Աստծո պատվիրածը (Ծննդոց 6:22): Մովսեսն ու Ահարոնը նույնպես արեցին այն ամենը, ինչ իրենց հանձնարարվել էր (Ելից 7:6, 10, 20): Եղիան կարող էր ասել. ՙՈ՜վ Եհովա, Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստվածը. թող այսօր իմացվի, որ Դու ես Աստված Իսրայելի մեջ, և ես Քո ծառան եմ, և թե ես Քո Խոսքով եմ արել այս բոլոր բաները՚ (3 Թագ.18:36): Իր ծառայության վերաբերյալ Հովհաննես Մկրտիչը կարող էր վկայակոչել Եսայի 40:3 համարում գրվածը. ՙՆա ասաց. ՙԵս անապատում կանչողի ձայնն եմ՝ ՙՏիրոջ ճանապարհն ուղղեցեք՚, ինչպես որ Եսայի մարգարեն ասաց՚ (Հովհ. 1:23): Մեր Տերն Ինքն է ասել նրա մասին. ՙՈրովհետև սա նա է, որի համար գրված է (Մաղաքիա 3:1). ՙԱհա Ես իմ հրեշտակին ուղարկում եմ Քո առջևից, որ Քո առաջ Քո ճանապարհը պատրաստի՚: Երբ մեր Տերը Փրկության ծրագրի հետ կապված հատուկ հանձնարարություններ է տալիս, նաև շնորհք և ուժ է տալիս դրանք ճշտությամբ կատարելու համար: Պողոսը վկայեց. ՙԵս անհնազանդ չգտնվեցի այն երկնային տեսիլքին: Բայց քանի որ Աստված ինձ օգնում էր, ես մինչև այսօր շարունակում եմ փոքրին ու մեծին վկայել, ուրիշ ոչինչ չասելով, բացի նրանից, որ մարգարեներն ու Մովսեսն էին ասել գալիք բաների մասին՚ (Գործք 26:19, 22): Այս արտահայտությունը՝ ՙբացի նրանից՚, շատ կարևոր է, որովհետև Նոր Կտակարանի առաջին համարից սկսված խոսվում է Հին Կտակարանի մարգարեությունների և խոստումների իրականացման մասին: Մեր Տերը դա վկայեց Իր փառավոր հարությունից հետո. ՙԵվ ասաց նրանց. ՙՍրանք այն խոսքերն են, որ նախապես ձեզ ասացի, երբ ձեզ հետ էի, թե պետք է, որ կատարվի այն ամենը, ինչ գրված է Իմ մասին Մովսեսի օրենքում, մարգարեներում ու սաղմոսներում՚ (Ղուկաս 24:44): Մեր ժամանակներում այն ամենը, ինչ կանխասվել է Քրիստոսի վերադարձից առաջ ընկած ժամանակաշրջանի համար, պետք է իրականանա, ներառյալ այն, ինչ Աստված խոստացել է Մաղաքիա 4:5, 6 համարներում. ՙԱհա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն...՚: Մատթ. 17:11 և Մարկոս 9:12 համարներում մեր Տերը հաստատեց այդ խոստումը Հովհաննես Մկրտչի ծառայությունից հետո՝ որպես ապագայում իրականանալիք խոստում: Նա պատասխանեց. ՙՃշմարիտ է, առաջ Եղիան պիտի գա և ամեն բան վերականգնի՚: Եվ դա կատարվեց Ուիլյամ Բրանհամի եզակի ծառայության միջոցով: Նա Աստծո ժողովրդին բերեց միայն Աստվածաշնչի վրա հիմնված մաքուր պատգամը, ինչպես իրեն ասվել էր գերբնական ամպի միջից, 1933 թվականի հունիսի 11-ին: Նա նաև կատարեց այն հանձնարարությունը, որը Տերն իրեն տվել էր 1946 թվականի մայիսի 7-ին, այսինքն՝ Ավետարանը քարոզել ազգերին աստվածային բժշկության պարգևով: Ես նույնպես կատարել եմ Տիրոջ հանձնարարությունը, երբ Նա ինձ կանչեց ծառայության 1962 թվականի ապրիլի 2-ին: Ես քարոզել եմ Աստծո Խոսքը (2 Տիմ. 4:1-5) և բաժանել եմ հոգևոր կերակուրը (Մատթ. 24:45-47), ինչպես ինձ հանձնարարվել էր: 1 Կորնթ. 4:1,2 համարներում առաքյալը գրում է իր կոչման մասին. ՙԹող ամեն մարդ մեզ այդպես համարի՝ ինչպես Քրիստոսի սպասավորներ և Աստծո խորհուրդների տնտեսներ: Արդ, տնտեսներից այն է պահանջվում, որ յուրաքանչյուրը հավատարիմ լինի՚: Հիմա է այն ժամանակը Քրիստոսի գալստից առաջ, երբ ամբողջական և մաքուր Խոսքը, Աստծո ողջ խորհուրդը քարոզվում է: Եփես. 5-րդ գլխում Պողոսը փրկագնվածների գործնական կյանքի համար պատվիրաններ է տալիս և ցույց է տալիս, թե ինչ է անում Քրիստոսի փրկագնման գործը հավատացյալների մեջ, որոնք ընդունում եմ Խոսքի յուրաքանչյուր ուսմունքը. ՙՈր նրան սրբի և մաքրի ավազանի ջրով՝ խոսքով՚ (Եփես. 5:26): Աստծո Խոսքի մեջ ամբողջական լվացվելը, որից հետո ոչ մի արատ կամ բիծ չի կարող մնալ, նույնքան կարևոր է, որքան լիակատար ներումը, հաշտությունը և արդարացումը Քրիստոսի Արյունով (Հռոմ. 5:9): Վերջին ծառայությունը պետք է ընդգրկի ավետարանչությունը, վարդապետությունը և մարգարեական մասը: Այն պետք է անարատ լինի Աստծո առաջ, որպեսզի Տերը կատարի այս խոսքը. ՙ…Որպեսզի եկեղեցին իր առաջ փառավոր կանգնեցնի, որ որ մի արատ կամ խորշոմություն կամ ուրիշ բաներ չունենա, որ սուրբ ու անարատ լինի՚ (Եփես.5:27): Վերջին Խոսք-Պատգամի արդյունքը լինելու է Հարս-Եկեղեցու վերափոխումը Հարս-Խոսքի, որը ոչ մի արատ չունի: Նախ պետք է հավատացյալները դուրս գան ամեն կրոնական խառնաշփոթությունից: Դա Տիրոջ պատվիրանն է. ՙԴրա համար նրանց միջից դուրս գնացեք ու բաժանվեցեք,--- ասում է Տերը,--- և պիղծ բաների մի դիպչեք (2 Կորնթ. 6:17): Այնուհետև լինում է Ճշմարտության Խոսքով սրբացումը (Հովհ. 17:17), որի համար մեր Տերն աղոթեց. ՙՆրանց սուրբ արա Քո ճշմարտությամբ. Քո Խոսքը ճշմարտություն է՚: Ժամի պատվիրանն է ճշմարիտ հավատացյալներին պատրաստել հափշտակության համար Քրիստոսի վերադարձի ժամանակ: ՙՈր իր ժամանակին ցույց կտա Երանելին ու միակ Հզորը, թագավորների Թագավորը ու տերերի Տերը՚ (1Տիմ. 6:15): Ժամանակը մոտ է: ՙԹող Նա ձեր սրտերը հաստատի անարատ սրբությամբ Աստծո և մեր Հոր առջև, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան ժամանակ՝ Իր բոլոր սրբերի հետ մեկտեղ՚ (1 Թես. 3:13): Պողոսը գրել է. ՙԻսկ մենք ամեն ժամանակ պարտավոր ենք Աստծուն շնորհակալ լինել ձեզ համար, Տիրոջից սիրված եղբայրներ, որովհետև Աստված փրկության համար սկզբից ձեզ ընտրեց Հոգու սրբացմամբ ու ճշմարտության հավատով՚ ( 2 Թես. 2:13): 1965 թվականի նոյեմբերի 25-ին Բրանհամ եղբայրն ասել է. ՙԴուք կենդանի Աստծո Որդու մաքուր, առաքինի և անմեղ Հարսն եք: Աստծո Հոգուց ծնված, Հիսուս Քրիստոսի Արյունով լվացված և Աստծո ամեն Խոսքին հավատացող ամեն տղամարդ և կին այնտեղ կանգնած են այնպես, կարծես երբեք մեղք չեն գործել: Դուք կատարյալ եք Հիսուս Քրիստոսի Արյունով: Ով ավելացնի կամ պակասեցնի 2017 թվականի հունիսի 11-ին Բրյուսելում տեղի ունեցած մեծ միջազգային հավաքույթի ժամանակ մենք հիշեցինք 1933 թվականի հունիսի 11- ին Բրանհամ եղբորը Աստծո կողմից տրված հանձնարարության մասին: 2017 թվականի հունիսի 12-ն ինձ հիշեցրեց 1958 թվականի հունիսի 12-ին Բրանհամ եղբոր հետ ունեցած զրույցս Տեխաս նահանգի Դալաս քաղաքում: Այդ զրույցի վերջում նա ինձ ասաց. «Ֆրանկ եղբայր, դու այս պատգամով կվերադառնաս Գերմանիա»: Դալասում մեր զրույցից հետո Բրանհամ եղբայրը ՙՄենք ուզում ենք տեսնել Հիսուսին՚ վերնագրով քարոզի հենց սկզբում ասաց. ՙՔիչ առաջ Գերմանիայից եկած մի մարդ ինձ ողջագուրեց: Այնտեղ մենք ունեցել ենք տասը հազար նորադարձներ ամեն երեկո, ընդհանուր՝ հիսուն հազար նորադարձ՚: Քարոզի ժամանակ նաև խոսեց գերբնական լույսի մասին, որը տարբեր վայրերում լուսանկարվել էր, և ասաց. ՙԱյստեղ Գերմանիայից մի մարդ կա: Նա այնտեղ էր, երբ գերմանական ֆոտոխցիկը երեք անգամ լուսանկարեց այն՚: Քարոզիչների հավաքույթի լուսանկարը, որտեղ Բրանհամ եղբոր գլխավերևում լույս կա, կարելի է տեսնել համացանցում: Ճիշտ է, ես նրա առանձնահատուկ ծառայության վկան ու ականատեսն եմ եղել: Քանի որ 1933 թվականի հունիսի 11-ին տրված հանձնարարության մեջ լուրջ փոփոխություն են արել, ուզում ենք ևս մեկ անգամ հիշեցնել ճիշտ խոսքերը և փոփոխված տարբերակը համեմատության համար: Բնօրինակում ասվել է. ՙԻնչպես Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց որպես սուրհանդակ Քրիստոսի առաջին գալստից առաջ, այնպես դու կուղարկվես մի պատգամով, որը սուրհանդակ կլինի Քրիստոսի երկրորդ գալստից առաջ՚: Բրանհամ եղբայրը 55 անգամ ճշտորեն կրկնել է այն, ինչ ձայնն ասել է գերբնական ամպի միջից, և որպեսզի ընտրյալները լրջորեն ընդունեն ու հավատան, 1960 թվականի փետրվարի 10-ին և դրանից հետո էլի շատ անգամներ, նա շեշտել է. ՙՈչ թե ես եմ լինելու սուրհանդակը, այլ պատգամը՚: Ցավոք սրտի, կրճատված տարբերակը տարածվել է Բրանհամ եղբոր՝ փառքի մեջ գնալուց կարճ ժամանակ անց. ՙԻնչպես Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց որպես սուրհանդակ Քրիստոսի առաջին գալստից առաջ, այնպես էլ դու կուղարկվես որպես սուրհանդակ Քրիստոսի երկրորդ գալստից առաջ՚: Գլխավոր բառը՝ ՙպատգամը՚, այդ տարբերակում չկա: Նորից պետք է շեշտենք. ոչ ոք իրավունք չունի փոխելու հանձնարարության ճշգրիտ բառերը: 1946 թվականի մայիսի 7-ին մի երկնային պատգամաբեր նրան ասաց. ՙՄի՜ վախեցիր, ես ուղարկվել եմ Ամենակարող Աստծո կողմից՝ ասելու համար, որ քո ծնունդը և առանձնահատուկ կյանքը ցույց են տալիս, որ Աստված քեզ ուղարկում է երկրի ժողովուրդների մոտ աստվածային բժշկության պարգևով՚: Դա մեզ հիշեցնում է Ղուկաս 1:19 համարը, որտեղ հրեշտակը հաղորդում է Զաքարիային Հովհաննես Մկրտչի ծննդյան և ծառայության մասին. ՙԵս Գաբրիելն եմ, որ կանգնում եմ Աստծո առաջ: Եվ ուղարկվեցի քեզ հետ խոսելու ու այս բաների մասին ավետիս տալու՚: Բրանհամ եղբորը տրված երկու հանձնարարությունները պետք է դասավորվեն Աստվածաշնչի համաձայն. առաջինը վերաբերում էր այն պատգամին, որը պետք է նախորդի Քրիստոսի երկրորդ գալուստը, իսկ երկրորդը վերաբերում էր իր ավետարանչական ծառայությանը: Աստծո կողմից լիազորություն և բժշկության պարգև ստացած լինելով Բրանհամ եղբայրը ճանապարհորդեց տարբեր մայրցամաքներում և քարոզեց Ավետարանը տարբեր երկրներում: Բրանհամ եղբոր հավաքույթների ժամանակ ակնթարթային բժշկություններ էին տեղի ունենում, այնպես, ինչպես մեր Փրկչի ծառայության ժամանակ: Կույրերը տեսողություն էին ստանում, անդամալույծները քայլում էին, խուլերը լսում էին: Այսպես1946 թվականին սկսվեց բժշկության համաշխարհային արթնությունը: Հիվանդների համար աղոթելուց առաջ նա ամենաքիչը 280 անգամ վկայակոչել է մեր Տիրոջ խոսքերը Հովհ.5:19 համարում.ՙՃշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Որդին իրենից չի կարող ոչինչ անել, եթե չտեսնի Հորն անելիս…՚: Նա նույնպես տեսիլքներում տեսնում էր, թե ինչ է Աստված անելու և այդ մասին ասում էր աղոթքի շարքում կանգնած ամեն մարդու և հաստատում էր ՙԱյսպես է ասում Տերը՚ խոսքերով: Ես դա անձամբ տեսել եմ հավաքույթների ժամանակ: Հենց սկզբից Աստված առաջնորդեց, որ կարողանամ Աստվածաշնչի համաձայն դասավորել այն, ինչ վերաբերում է Աստծո Խորհրդին: Հենց սկզբից իմ բացարձակ հիմքը եղել է և հավիտյան կմնա Աստծո գրված Խոսքը: Տերն Ինքն է ինձ պատվիրել քարոզել Աստծո Խոսքն այնպես, ինչպս գրված է: Ինչ վերաբերում է պատգամին, խոսքը միայն աստվածաշնչյան քարոզչության մասին է, որը պետք է լինի անսխալ և առանց թերության: 1963 թվականի նոյեմբերի 28-ին Բրանհամ եղբայրն ասաց. ՙԴուք երբեք չպետք է լքեք Խոսքը: Դուք պետք է մնաք այդ Խոսքի հետ այնպես, ինչպես գրված է: Մի ավելացրեք ոչ մի սեփական մեկնություն: Ասեք հենց այնպես, ինչպես գրված է: Սա Աստծո Խոսք է, Աստված է: Աստված և Իր Խոսքը նույնն են՚: 1965 թվականի սեպտեմբերի 19-ին նա շեշտեց քարոզի ժամանակ. ՙԴուք չեք կարող որևէ բան ընդունել, եթե հենց այդպես չի գրված Աստծո Խոսքում: Դուք պետք է կատարելապես ներդաշնակ լինեք Խոսքի հետ՚: Ցավոք սրտի, Աստծո պատվերի համաձայն Խոսքի մաքուր քարոզչության հետ մեկտեղ եղան նաև տարբեր մեկնություններ: Բրանհամ եղբորը վկայակոչող որոշ եղբայներ կարողացան ճշմարտանման դարձնել իրենց սեփական մեկնությունները և աշակերտներին իրենց ետևից տանել (Գործք 20:30): Մարգարեի մեջբերումները դարձան մեկնության առարկա և շարադրվեցին որպես վարդապետություն: Այդպես անդադար նոր խմբեր առաջացան: Ես ոչ մի անգամ չեմ մասնակցել մեջբերումների վերաբերյալ բանավեճերին. դրանք միայն բաժանումներ են առաջացնում (Հռոմ. 16:17): Ողբերգությունն այն չէ, որ հաճախ Բրանհամ եղբոր ասածները դժվարըմբռնելի են, այլ այն, ինչ եղբայրները դարձրել են նրա ասածները (2 Պետրոս 3:16): Այն, ինչ Բրանհամ եղբայրն ասել է ՙՀափշտակությունը՚ քարոզում, սխալ է մեկնաբանվում՝ վկայելով, որ Տերն արդեն վերադառնում է աղաղակով: 1 Թես. 4-րդ գլխի արթնության կանչը վերաբերում է Քրիստոսով ննջածներին, ոչ թե նրանց, ովքեր հիմա ողջ են: Նրա վերադարձի ժամանակ ամեն բան կլինի ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է 4-րդ գլխի 13-18 համարներում. ՙՔանի որ Տերն Ինքը հրամանով, հրեշտակապետի ձայնով ու Աստծո փողով երկնքից վայր կգա, և Քրիստոսով մեռելները նախ հարություն կառնեն: Եվ հետո մենք, որ կենդանի ենք մնացել, նրանց հետ ամպերով օդի մեջ կհափշտակվենք՝ Տիրոջը դիմավորելու, և այդպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կլինենք՚ (1 Թես. 4:16,17): Այդ թեմայի վերաբերյալ կարդացեք նաև 1 Կոնրթ. 15:45-58 համարները: Արթնության կանչը, որը հիմա պատգամի միջոցով ուղղված է ողջ եղողներին, գրված է Մատթ. 25-րդ գլխում. ՙԱհա փեսան գալիս է, դուրս եկեք նրան դիմավորելու՚: Բոլոր կույսերը լսում են կանչը և գնում են Փեսայի դիմավորելու: Մատթ. 13-րդ գլխում կարդում ենք սերմնացանի առակը, որը բարի սերմ է ցանում իր արտում: Մեր Փրկիչն առակում ասում է. ՙԲայց մինչ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ, ցորենի մեջ որոմ ցանեց ու գնաց՚ (Մատթ. 13:25): Խոսելով Իր աշակերտների հետ՝ նրանց այսպես բացատրեց առակը. ՙԲարի սերմը ցանողը Մարդու Որդին է: Արտն աշխարհն է, բարի սերմը նրանք են, որ արքայության որդիներն են, իսկ որոմները չարի որդիներն են՚: Հենց այդ է կատարվել մեր ժամանակներում: Նախ Աստծո Խոսքը ցանվեց որպես բարի սերմ: Հետո թշնամուն հաջողվեց ցորենի մեջ իր սերմը ցանել մեկնությունների միջոցով: Դա կատարվեց այն ժամանակ, երբ կույսերը հոգնեցին և հոգևոր քնի մեջ ընկան: Մինչդեռ ցորենը մնում է ցորեն, իսկ որոմը մնում է այն, ինչ կա: Երկու սերմերի պատմությունը սկսվել է Կայենից և Աբելից: Մեկն ատում էր, մյուսն ատելություն էր ստանում: ՙԻսկ նա, ով ատում է իր եղբորը, խավարի մեջ է քայլում ու չգիտի, թե ուր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը՚ (1 Հովհ. 2:11): Կարող ենք ասել. նա, ում եղբայրը Կայենը չէ, չի կարող Աբելը լինել: Այս համատեքստում է նաև այս նախազգուշացումը. ՙԵթե մեկը լսում է թագավորության Խոսքը և չի հասկանում, գալիս է չարը և հափշտակում նրա սրտի մեջ սերմանվածը՚ (Մատթ.13:19): Շատ կարևոր է, որ հավատանք և հասկանանք յուրաքանչյուր Խոսքը, այլապես թշնամին այն կհափշտակի և կցանի իր սերմը: Տերը հարցնում է Իր աշակերտներին. ՙԱյս բոլոր բաները հասկացա՞ք՚: Ասացին Նրան. ՙԱյո, Տեր՚ (Մատթ. 13:51): Ո՞վ այսօր կարող է անկեղծորն պատասխանել ՙայո՚: Ո՞վ է հասկացել այն, ինչ քարոզվել և գրվել է Աստծո հանձնարարությամբ, Աստծո Խոսքի համաձայն: Ո՞ւմ կասի Տերը, որ նրա աչքերն ու ականջները երանելի են: Ակնհայտ է, որ Փեսայի գալստին սպասող բոլոր կույսերը քնեցին: Արթնացան բոլորը, բայց միայն իմաստուն կույսերն էին քնել Խոսքի սերմն իրենց հետ ունենալով և արթնացան Խոսքի սերմի հետ: Նրանք պատրաստ էին և կարող են մտնել հարսանիքի սրահը, որովհետև իրենց անոթներում յուղ էին վերցրել և կարող էին օգտվել Հոգու լեցունությունից: Իսկ հիմար կույսերը խաբվեցին թշնամու կողմից մեկնությունների միջոցով (2 Կորնթ. 11:3,4), և կկանգնեն փակ դռան առջև և իզուր կթակեն (Մատթ. 25:11-13): Խոսելով Իր գալստի մասին՝ մեր Տերը մեզ կոչ է անում արթուն մնալ. ՙԱրդ, արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե ձեր Տերը որ ժամին կգա՚ (Մատթ. 24:42): ՙՏերը խոստումը չի ուշացնի, ինչպես ոմանք կարծում են, թե ուշացնում է, բայց մեր նկատմամբ համբերող է լինում , որովհետև չի ցանկանում, որ կորչողներ լինեն, այլ որ բոլորն ապաշխարության հասնեն՚ (2 Պետր.3:9): Այս սուրբգրային հատվածը հստակորն հերքում է այն կեղծ վարդապետությունը, ըստ որի շնորհքի ժամանակաշրջանն ավարտվել է, և արյունն այլևս շնորհաց գահի վրա չէ: Մենք դեռևս շնորհքի ժամանակաշրջանում ենք, Տերը դեռևս կոչ է անում ապաշխարելու և հոգևոր խառնաշփոթությունից դուրս գալու: Աստծո շնորհքով դեռ փրկության օրն է (2 Կորնթ. 6:2): Կեղծ վարդապետները, որոնք տարածում են իրենց սեփական մեկնությունները Բրանհամ եղբոր քարոզածի վերաբերյալ, կգրավեն միայն հիմար կույսերի ուշադրությունը: Եվս մեկ անգամ պետք է շեշտվի սա՝ ամեն բան թողեք այնպես, ինչպես ասված է: Ոչինչ մի ավելացրեք Աստծո գրված Խոսքին: Առաջնորդվելով Սուրբ Հոգով՝ Բրանհամ եղբայրը լույսի տակ բերեց բոլոր թաքնված խորհուրդները: Նրա եզակի և արտասովոր ծառայությունը, որի համար Տիրոջից գոհանում ենք, կատարվել է լիարժեք կերպով: Նրան հայտնվել է Աստծո փրկության ծրագրի հետ կապված ամեն բան՝ աստվածության, մկրտության, Տերունական ընթրիքի վերաբերյալ, Եդեմի պարտեզում իրականում կատարված սկզբնական մեղքի վերաբերյալ: Ամեն հայտնություն տրվել է նրան, նաև յոթ կնիքների վերաբերյալ հայտնությունը: 1963 թվականի փետրվարի 28-ի հզոր փորձառությունը, երբ հայտնվեց գերբնական ամպը և յոթ հզոր որոտները երկրաշարժի ուղեկցությամբ ցնցեցին Սանսեթ լեռան շրջակայքը, մեծ կարևորություն ունեցավ Բրանհամ եղբոր համար յոթ կնիքների բացման հետ կապված: Դրա համար է նա այդքան շատ խոսել 7 որոտների մասին: Իսկ այն 7 որոտները, որոնց մասին խոսվում է Հայտնության 10:7 համարում, իրենց ձայնը հնչեցնելու են միայն այն պահին, երբ Տերն իջնի որպես Ուխտի Հրեշտակ՝ շրջապատված ծիածանով: Կնիքներում գրված ոչ մի բան չի իրականացել այն ժամանակ, երբ Բրանհամ եղբայրն այդ մասին քարոզել է 1963 թվականի մարտին: 1963 թվականի մարտին Գառնուկը չի լքել գահը, ոչ էլ Նոր Ուխտի արյունն է վերցվել շնորհաց գահից Սրբության Սրբոցում: Բրանհամ եղբայրը միայն կրկնել է այն, ինչ Հովհաննես առաքյալը տեսել և գրել է Պատմոս կղզում, իսկ հետո քարոզել է իրեն տրված հայտնության վերաբերյալ: Այդպես նա կարողացավ սուրբգրային ձևով դասավորել և ցույց տալ, որ առաջին չորս կնիքների հեծյալները, որոնք սլանում են չորս տարբեր ձիերի վրա, հակաքրիստոսի զարգացման չորս փուլերն են, որը կատարվում է Նոր Կտակարանի Եկեղեցու զարգացմանը զուգահեռ: Հինգերորդ կնիքում ցույց է տրվում, որ խոսքը հրեա նահատակների մասին է, որոնք վրեժխնդրություն են պահանջում: Այդ համատեքստում Բրանհամ եղբայրը հիշատակում է Ադոլֆ Այքմանին, որը Հոլոքոսթի ժամանակ վեց միլիոն հրեաների կոտորածի գլխավոր պատասխանատուն է: Մարգարեն ճիշտ է դասավորել նաև վեցերորդ կնիքի իրադարձությունները (Հայտն. 6:12-17), այսինքն՝ մեծ նեղության ժամանակը, որովհետև դրանից հետո սկսվում է Տիրոջ օրը, երբ արևը խավարի պիտի վերածվի, իսկ լուսինը՝ արյան (Հովել 2:31, Գործք 2:20): Հայտն. 7:1-8 համարներում խոսվում է Իսրայելի տասներկու ցեղերից 144000 հրեաների մասին, որոնք պետք է կնքվեն: 9-րդ համարից սկսած մինչև 17-րդ համարը ցույց է տրվում բոլոր ազգերից, բոլոր լեզուներից եղող մեծ բազմությունը, որը գալիս է մեծ նեղությունից և լվացել է իր հագուստները Գառնուկի Արյունով: Յոթերորդ կնիքի ազդարարման ժամանակ, ութերորդ գլխում դատաստանի յոթ հրեշտակները, որոնց տրվել էին յոթ փողերը, հայտնվում են Աստծո գահի առջև, որ ազդարարեն դատաստանները երկրի վրա: 8-րդ և 9-րդ գլուխներում տեսնում ենք, թե ինչ է կատարվում վեց փողերի ժամանակ, որոնք դատաստաններ են բերում երկրի վրա: 10-րդ գլխում Ուխտի հրեշտակը երդումով ազդարարում է, թե ինչ է լինելու, երբ դատաստանի յոթերորդ հրեշտակը փչի իր փողը. երբ դատաստանի յոթերորդ հրեշտակը փողը փչի. ՙ...Աստծո խորհուրդը կկատարվի, ինչպես ավետեց իր ծառա մարգարեներին՚: Հայտնության 10:7 համարում արված ազդարարումն իրականանում է Հայտն. 11:5 համարում, երբ սկսվում է հազարամյա թագավորությունը. ՙՅոթերորդ հրեշտակը փողը փչեց, ու երկնքում մեծ ձայներ եղան, որ ասում էին. ՙԱշխարհի թագավորությունները մեր Տիրոջն ու նրա Օծյալինը եղան, և նա կթագավորի հավիտյանս հավիտենից՚ (Հայտն. 11:15): Վերջին պատգամի արդյունքը ՙՈրովհետև ձեզ համար նախանձախնդիր եմ Աստծո նախանձախնդրությամբ, քանի որ ձեզ մի մարդու հետ նշանեցի, որպեսզի մի սուրբ կույսի կանգնեցնեմ Քրիստոսի առաջ: Սակայն վախենում եմ, որ ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային, այնպես էլ ձեր մտքերը ապականվեն Քրիստոսում եղող պարզությունից՚ (2 Կորնթ. 11:2, 3): Տարօրինակ է, որ Պողոսը Քրիստսի առաջ մաքուր կույս կանգնեցնելու իր ջանքերում մտածում է Եվայի խաբվելու մասին: Բրանհամ եղբայրը տեսիլքում տեսավ Եկեղեցուն և նաև Հարսին: Նա տեսավ, որ Եկեղեցին առաջնորդվում էր վհուկի կողմից, և կար կրոնական խառնաշփոթություն: Նա տեսավ, որ Հարսը Խոսքի հետ համաչափ չի քայլում, իսկ ուղղումից հետո նորից սկսեց Խոսքի հետ համընթաց քայլել: Հիմա հենց դա է կատարվում ողջ աշխարհում սրբության գործընթացի միջոցով, որով մենք անցնում ենք, Աստծո Խոսքի ավազանում լվացվելով: Ճշմարիտ Խոսք-Պատգամն իզուր չի լինի, այլ Հարս-Եկեղեցում մեջ կկատարի Նրա կամքը, ով ուղարկել է այն: Հիմար կույսերը հոգևորապես կանգ են առնում պատգամաբերի կողքին, որը մեզ ցույց է տվել ճանապարհը: Իմաստուն կույսերը շարունակում են իրենց ճանապարհը Փրկչի հետ մինչև վերջ: Իմաստուն կույսերը շնորհակալ են և ուրախանում են, որ հավատարիմ Տերը մի քանի անգամ լսելի ձայնով խոսել է Իր հավատարիմ ծառայի հետ (Մատթ. 24:45-47) և հստակ հանձարարություններ է տվել նրան: Հիմար կույսերը Աստծո տված հանձնարարությունը կասկածի են ենթարկում, խաբվում են և դառնում են անհավատության մեղքի թիրախ: Նրանք դա ծաղրում են, արհամարհում են Աստծուն և շրջանցում են այն, ինչ Աստված անում է հիմա (Գործք 13:41): Հիմար կույսերը հավատում են, որ մարգարեն վերադառնալու է, և ուրիշ նման հիմարություններ են անում: Իմաստուն կույսերը՝ ճշմարիտ փրկագնվածները, հավատում են Հիսուս Քրիստոսի վերադարձին: Բոլոր նրանք, ովքեր պատկանում են Հարս-Եկեղեցուն, մասնակցում են այն գործին, ինչ Աստված հիմա անում է երկրի վրա: Հարս-Եկեղեցին, որը Քրիստոսը փրկագնել է Իր սեփական Արյունով, այժմ Խոսքի ջրով մաքրվում է մարմնի և հոգու ամեն ապականությունից և անարատ կանգնում է Աստծո առջև: ՙԹող Նա ձեր սրտերը հաստատի անարատ սրբությամբ Աստծո և մեր Հոր առջև, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան ժամանակ՝ Իր բոլոր սրբերի հետ մեկտեղ՚ (1 Թես. 3:13): Աստծո շնորհքով ես հավատարիմ մնացի կոչմանն ու հանձնարարությանը և կարող եմ վկայել Պողոսի հետ. ՙԲայց քանի որ Աստված ինձ օգնում էր, ես մինչև այսօր շարունակում եմ փոքրին ու մեծին վկայել, ուրիշ ոչինչ չասելով, բացի նրանից, որ մարգարեներն ու Մովսեսն էին ասել գալիք բաների մասին՚ (Գործք 26:22): Ինձ համար կարևորը գլխավոր խոստումն է ճշմարիտ Եկեղեցու համար, Խոսք-Պատգամը, որը նախորդում է Քրիստոսի երկրորդ գալստին, որպեսզի ամեն հավատացյալի անձնական կյանքում և Եկեղեցու հոգևոր կյանքում Աստծո առաջ ամեն բան վերադառնա աստվածային կարգին: Քրիստոսի վերադարձից առաջ վերջին պատգամը կապված է հավատքի և հնազանդության հետ, բաժանման և պատրաստության հետ, և ինչպես Բրանհամ եղբայրն էր ասում, կատարյալ սիրո և Աստծո յուրաքանչյուր Խոսքի հանդեպ կատարյալ հավատքի հետ: Աստծո կողմից տրված հանձնարարության նպատակն է Աստծո որդիների սրտերը դարձնել առաքելական հայրերի հավատքին, և որ Տերը գտնի լավ պատրաստված Հարսի: Այն, ինչ մեր Փրկիչն ասել է Գործք 1:5 համարում, ուժի մեջ է նաև այսօր. ՙՈրովհետև Հովհաննեսը հիրավի ջրով մկրտվեց, բայց սրանից ոչ շատ օրեր հետո դուք Սուրբ Հոգով կմկրտվեք՚: Ուժի մեջ է նաև այն, ինչ Պետրոս առաքյալը հայտարարեց Նոր Կտակարանի Եկեղեցու ստեղծման օրը (Գործք 2:38)` ապաշխարություն, հավատք, ջրի մկրտություն և Սուրբ Հոգու մկրտություն: Եկեղեցու կատարյալ վերականգնման համար այդ ամենն անհրաժեշտ է, լինի դա մարմնավոր, թե հոգևոր կյանքում: Նա, ով ճշմարիտ հավատացյալ է դարձել, ընդունում է աստվածային կարգը ոչ միայն հոգևոր կյանքում, այլև անձնական, զույգի կյանքում, ընտանիքում: Մենք հավատում ենք և հարգում ենք Աստծո յուրաքանչյուր Խոսքը, ընդունում ենք յուրաքանչյուր խրատ և մեր կյանքն ուղղում ենք Աստծո Խոսքին հնազանդվելով: ՙՈրովհետև ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը՚ (Մատթ.12:50): ՙՈւրեմն ամեն աղտեղություն ու ավելորդ չարություն թողեք մի կողմ, հեզությամբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված Խոսքը, որ կարող է ձեր հոգիները փրկել՚ (Հակոբ 1:21): Ուրիշները կարող են անել այն, ինչ ուզում են. Աստված նրանց դատավճիռը կարձակի դատաստանի օրը: Ընտրյալների համար է այս խոսքը. ՙԺողովրդին ինձ մոտ հավաքիր, և Ես Իմ խոսքերը լսել տամ նրանց...՚ (2 Օրինաց 4:10, Սաղմոս 50:5): Նա, ով Աստծուց է, լսում է միայն Աստծո Խոսքը (Հովհ. 8:47): Հետևաբար մեզ պատվիրված է. ՙԴրա համար նրանց միջից դուրս գնացեք ու բաժանվեցեք,- ասում է Տերը,- և պիղծ բաների մի դիպչեք: Եվ ես ձեզ կընդունեմ ու ձեզ Հայր կլինեմ, և դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք՚,- ասում է Ամենակալ Տերը՚ (2 Կորնթ.6:17,18): Պետրոս առաքյալը մեզ հորդորում է. ՙԱյլ ինչպես ձեզ կանչողը սուրբ է, դուք էլ ձեր ամբողջ վարքով սուրբ եղեք, քանի որ գրված է. ՙՍուրբ եղեք, որովհետև Ես սուրբ եմ՚ (1 Պետրոս 1:15,16): ՙՈրովհետև Հոգու պտուղը ամենայն բարությամբ է, արդարությամբ և ճշմարտությամբ: Փորձեցեք, թե ինչն է Տիրոջ հաճելի՚ (Եփես. 5:9,10): ՙԲայց Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն. այդպիսի բաների դեմ օրենք չկա՚ (Գաղատ. 5:22, 23): ՙԻրենց պտղից ճանաչեք նրանց՚ (Մատթ. 7:16): ՙԱրդ, այդպիսի խոստումներ ունենալով, սիրելիներ, հոգու և մարմնի ամեն պղծությունից մեր անձերը մաքրենք և սրբությունը կատարելագործենք Աստծո վախով՚ (2 Կորնթ.7:1): ՙԵվ երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ, և պատրաստները նրա հետ հարսանիքի խնջույքի մտան. դուռն էլ փակվեց՚ (Մատթ. 25:10): ՙՈւրեմն զգույշ լինենք, որ չլինի թե Նրա հանգիստը մտնելու մեզ տրված խոստումից ձեզնից որևէ մեկը զրկվի՚ (Եբր. 4:1): ՙԻնչպես որ Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց այն ամենը, ինչ կյանքի և աստվածապաշտության համար պետք է Նրա գիտությամբ, ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներ են մեզ տրված, որպեսզի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինեք աշխարհում ցանկությունից եկող ապականությունից հեռու փախչելով՚ (2 Պետր.1:3,4): ՙԻսկ խաղաղության Աստվածն Ինքը թող ձեզ բոլորովին սրբացնի և ձեր հոգին, անձն ու մարմինն ամբողջապես անարատ պահի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը՚ (1 Թես. 5:23): Մարանաթա. արի, Տեր Հիսուս: 500-ամյա տարեդարձը Ռեֆորմացիայի ավարտը 2017 թվականի հոկտեմբերի 31-ը ողջ Գերմանիայում կնշվի որպես առանձնահատուկ տոն. 500 տարի է անցել այն ժամանակվանից, երբ Մարտին Լյութերը 95 դրույթները փակցրեց Վիտենբերգի եկեղեցու դռան վրա, 1517 թվականի հոկտեմբերի 31-ին՝ վճռականորեն նպաստելով Ռեֆորմացիայի առաջընթացին: Այժմ բոլոր քրիստոնեական եկեղեցիները, որոնք դավանում են Նիկիայի հավատո հանգանակը, վերադառնում են մայր-եկեղեցի: ՙJudensau՚-ն մնում է Քարե փորագրանկար Վիտենբերգ քաղաքի եկեղեցու պատին, որն արվել է Ռեֆորմացիայից 200 տարի առաջ. պատկերված է մի խոզ, որը կերակրում է հրեաներին: Դրանով Միջնադարում հրապարակավ նվաստացնում էին հրեաներին: Քաղաքային խորհուրդը, ինչպես նաև Վիտենբերգի ծխական եկեղեցու խորհուրդը որոշեցին չհանել ՙJudensau՚ (հրեաների խոզ) կոչված քարը, չնայած եղել էր նախաձեռնություն այն հանելու: Նրանք որոշեցին դա պահել որպես հուշարձան հակասեմականության դեմ: Այսպիսով աշխարհի տարբեր վայրերից եկող այցելուներն ու պատվիրակությունները սեփական աչքերով կարող են տեսնել հրեաների դեմ խտրականության խորհրդանիշը: Մարտին Լյութերն ապրել էր հավատքով արդարացումը: Աստծո Հոգով առաջնորդված և Աստծո շնորհքով լցված լինելով՝ Ռեֆորմացիայի այս գործիչը քարոզեց Ավետարանը: Նա հավատում էր խաչի վրա Փրկչի կատարած փրկագնման կատարյալ գործին: Իսկ այն, թե ինչ է նա ասել հրեաների մասին, երբ ծեր էր, հիվանդ և հրեա բժշկից հիասթափված, պետք է մի կողմ թողնել: Մինչդեռ պատմաբանները լռում են այն փաստի վերաբերյալ, որ հրեաների վերաբերյալ խոսքերը ծագել են հենց կրոնական որոշումներից, հատկապես 1179 թվականի Լատերանի տիեզերաժողովի ժամանակ: Հրեաների հանդեպ ատելությունը գոյություն է ունեցել վաղուց: Երբ Կոստանդիանոս կայսրը քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն ողջ հռոմեական կայսրությունում 311 թվականին, դրանից կարճ ժամանակ անց սկսվեց հրեաների հալածանքը: Քրիստոսի խաչելության պատճառով նրանց անվանում էին ՙՔրիստոսին և Աստծուն սպանողներ՚: 321 թվականին հրեաներին արգելվեց շաբաթը պահել և նրանց ստիպեցին փոխարենը պահել կիրակին: Այդ ողբերգական զարգացումների ներքո 325 թվականի մայիսի 20-25-ը տեղի ունեցավ Նիկիայի տիեզերաժողովը: Կոստանդիանոս կայսրը, որին հետաքրքրում էր իր բոլոր քաղաքացիների միաբանությունը, հրավիրել էր այդ ժամանակ քրիստոնեության մեջ գոյություն ունեցող տարբեր ուղղությունների առաջնորդներին: Այնտեղ քննարկվեցին աստվածաշնչյան թեմաները հեթանոս կրոնական ներկայացուցիչների կողմից. Սուրբ Գրքի խոսքերն օգտագործեցին և սխալ մեկնեցին: Առաջին ոչ աստվածաշնչյան հավատքի դավանանքը երրորդության վերաբերյալ, այսինքն, որ Աստված գոյություն ունի երեք հավիտենական անձերով, ձևակերպվել և հաստատվել է հետագայում՝ 381 թվականին, Կոստանդնուպոլսում՝ հայտարարելով, որ Սուրբ Հոգին Երրորդության երրրորդ անձն է: Աստվածաշնչյան հավատքի դավանությունը գրված է միայն Աստվածաշնչում, և առաքյալների կողմից է միայն այն, ինչ գրված է Գործք առաքելոցում, և առաքելական վարդապետություն է միայն այն, ինչ գրված է առաքյալների թղթերում: Աստվածաշնչին հավատարիմ լինել նշանակում է հավատալ այն ամենին, ինչ գրված է Աստվածաշնչում: Սկզբնական եկեղեցին մնում էր առաքյալների վարդապետության և գործերի մեջ. ՙՈւ միշտ հետևում էին առաքյալների ուսմունքին, հաղորդությանը, հացը կտրելուն և աղոթքներին՚ (Գործք 2:42): Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին այժմ կառուցվում է առաքյալների և մարգարեների հիմքի վրա, որի Անկյունաքարը Հիսուս Քրիստոսն է (Եփես. 2:20): Տպավորիչ է Հին և Նոր Կտակարանների միջև կատարյալ համաձայնությունը: Հենց Աստվածաշնչի առաջին համարից Աստված՝ Էլոհիմը, ներկայանում է որպես Արարիչ: Ժամանակների սկզբում Հավիտենականը, ով Իր բնույթով Հոգի է, դուրս եկավ լույսի և կյանքի Հոգու հավիտենական լեցունությունից, հայտնվեց տեսանելի տեսքով որպես Տեր՝ Յահվե: Իր ամենակարող Խոսքով գոյության կանչեց ամեն տեսանելի և անտեսանելի բաները: Նա քայլեց Եդեմի պարտեզում և Իր պատկերով ստեղծեց առաջին մարդուն: Ողջ Հին Կտակարանում Տեր Աստված Իր մարգարեների միջոցով հաղորդել էր Իր փրկության ծրագիրը, որը Նա կազմել էր հավիտենությունից ի վեր: Նոր Կտակարանում առաջին գլխից մինչև վերջինը բազմաթիվ հատվածները վկայում Հին Կտակարանի մարգարեությունների իրականացման մասին: Ողջ Սուրբ Գրքի գլխավոր թեման եղել է և մնում է աստվածությունը: Հին Կտակարանի 400 տարիների ընթացքում Տեր Աստված հայտնվել է տարբեր կերպերով՝ որպես Արարիչ, Պահապան, Թագավոր, Դատավոր և այլն: Մեր փրկության համար Նա Նոր Կտակարանում հայտնվեց որպես Հայր երկնքում, երկրի վրա՝ Որդու մեջ, և Իր Եկեղեցում՝ Սուրբ Հոգու միջոցով: Ողջ Հին Կտակարանում մինչև Մաղաքիա մարգարեի գիրքը, որն ապրել է Քրիստոսից 400 տարի առաջ, ոչ ոք երբեք չի խոսել երկնքում գտնվող Հոր, երկնքում գտնվող Որդու մասին, ոչ էլ երեք հավիտենական անձերի մասին, որոնք միաբան են իրար հետ և կազմում են երրորդությունը, ինչպես դա ներկայացված է այս նկարում: Հին Կտակարանում հիմնականում խոսվում էր Մեսիայի գալստյան մասին, որը Փրկագնիչն է: 100-ից ավելի մարգարեություններ խոսում են Փրկչի մասին, որը կույսից ծնվելու է որպես Աստծո Որդի. ՙԱհա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրա անունը Էմմանուել կդնեն, որ թարգմանվում է ՙԱստված մեզ հետ՚ (Եսայի 7:14. Եսայի 9:5, Միքիա 5:1): Նոր Կտակարանում Որդու ծնունդը նկարագրված է ճշգրիտ կերպով. ՙՄի վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծո մոտ շնորհ գտար: Ահա կհղիանաս, որդի կծնես և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի, և Տեր Աստված Նրան կտա Իր հոր՝ Դավթի աթոռը: Եվ Նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա Նրա թագավորությանը վերջ չի լինի՚: Եվ Մարիամն ասաց հրեշտակին. ՙԱյդ ինչպե՞ս կլինի, քանի որ ես դեռ տղամարդ չեմ ճանաչում՚: Եվ հրեշտակը պատասխանեց ու ասաց նրան. ՙՍուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը քեզ վրա հովանի կլինի: Ուստի քեզնից ծնվածը Սուրբ կլինի և կկոչվի Աստծո Որդի՚ (Ղուկաս 1:30-35): Տեր Աստված անձամբ հայտնվեց Աբրահամին (Ծննդոց 18), Մովսեսին (Ելից 4) և Հին Կտակարանի բոլոր մարգարեներին: Մինչդեռ մեզ մեղքից փրկագնելու համար Տերը պիտի հայտնվեր մարդկային մարմնով: Իր ծնունդից ի վեր՝ ՙՈրովհետև այսօր ձեզ համար Փրկիչ ծնվեց Դավթի քաղաքում, որ Քրիստոս Տերն է՚ (Ղուկաս 2:11), Որդին Տեր է կոչվել 300 անգամ: Նա միշտ նույն Տերն է (Եբր. 13:8), լինի դա Հին Կտակարանում, թե Նոր Կտակարանում: ՙ…եվ ոչ ոք չի կարող Հիսուսին ՙՏեր՚ ասել, եթե ոչ՝ Սուրբ Հոգով՚ (1 Կորնթ.12:3բ): Չկա սուրբգրային մի հատված, որն ասում է, թե Աստված որպես Հայր հավիտենության մեջ ծնել է Որդուն: Այն, ինչ եկեղեցական հեթանոս հայրերը որոշել են հատկապես Նիկիայի, իսկ այնուհետև Կոստանդնուպոլսի տիեզերաժողովում և անվանել են ՙառաքելական հավատո հանգանակ՚, լիովին խորթ է Աստվածաշնչին: Կարևոր չէ, որ այն գրված է Դիդախեում կամ կատեխիզիսում, կամ որևէ եկեղեցական գրվածքում, եթե դա չկա Սուրբ Գրքում գրված, ուրեմն աստվածաշնչյան չէ: Բոլոր եկեղեցիներն իրավունք ունեն որոշելու, թե ինչին են ուզում հավատալ, ինչ են ուզում սովորեցնել և կիրառել: Իսկ մենք ուզում ենք հավատալ այնպես, ինչպես Սուրբ Գիրքն է ասում: Կարևոր չէ, թե ինչ են ասել Տերտուղիանոսը, Աթանասը, Օգոստինոսը, Հիերոնիմուսը և մյուսները. նրանց ասածները հիմք են եղել հռոմեական կայսրության պետական եկեղեցու համար: Իսկ աստվածաշնչյան հավատացյալները հավատում են միայն այն բաներին, որոնք Աստծո մարդիկ են ասել Աստծո կողմից Նոր Կտակարանի Եկեղեցու ստեղծման ժամանակ: Բոլոր նրանք, ովքեր վկայակոչում են Եփես. 4:5-ը՝ ՙՄեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն՚, պետք է կարդան Գործք առաքելոց գրքում, թե ինչպես են առաքյալները կատարել մկրտությունը (Գործք 2:38, Գործք 8:16, Գործք 10:48, Գործք 19:5). ոչ մի անգամ այն չի կատարվել երրորդաբանական ձևակերպմամբ, այլ միայն Նոր Կտակարանի Ուխտի Անունով, որով Աստված հայտնվեց որպես Հայր՝ Որդու մեջ և Սուրբ Հոգու միջոցով, այսինքն՝ Տեր Հիսուս Քրիստոսի Անունով: Մատթ. 28:19-ում բնագիր տեքստում գրված է՝ ՙմկրտեք նրանց ... Անունով՚, ոչ թե անուններով, ոչ թե երեք տիտղոսներով: Պետրոս և Պողոս առաքյալները, ինչպես նաև Փիլիպոսը հանձնարարությունը կատարեցին ճշգրիտ կերպով: Ոչինչ չի կարելի ավելացնել այն բաներին, ինչ սովորեցրել, կատարել ու գրել են Պետրոս, Հովհաննես, Հակոբոս և Պողոս առաքյալները: Առաքելական հավատքի ճշմարիտ դավանությունը միայն Աստվածաշնչի մեջ է: Նոր Կտակարանը նույնպես փակված փաստաթուղթ է, որին ոչինչ չի կարող ավելացվել և ոչ մի փոփոխություն չի կարելի անել (Հայտն. 22): Մենք կարող ենք ճշմարիտ կերպով վկայել ճշմարիտ և Ամենակարող Աստծո առջև. ՙՈրովհետև մենք ոչ թե վարպետությամբ հնարված առասպելների հետևելով ձեզ ցույց տվեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունն ու գալուստը, այլ Նրա մեծափառությանն ականատես լինելով՚ (2 Պետր.1:16): Մենք վերադարձել ենք սկզբնական Խոսքին, որը դուրս է եկել Երուսաղեմից և կարող ենք փորձառությամբ ապրել այն, ինչ Աստված անում է փրկության պատմության ամենակարևոր ժամանակաշրջանում: Մինչև երկրի ծայրերն է հասել աստվածաշնչյան պատգամը, որի միջոցով ամեն բան Աստծո առաջ պիտի վերադառնա իր ճիշտ վիճակին: Ամբողջ աշխարհում Աստծո զավակների սրտերը վերադառնում են հայրերի ճշմարիտ հավատքին: Տեր Աստված ավարտել է Իր արարչության գործը, հենց Ինքն էլ կավարտի Իր փրկագնման գործը՝ ճշտորեն կատարելով այն, ինչ խոստացել է Իր Խոսքում. ՙՈրովհետև Տերն արդարությամբ մի կարճ ու համառոտ բան կանի. Տերը երկրի վրա մի վճռական բան կանի՚ (Հռոմ. 9:28): ՙԱյնպես էլ պիտի լինի Իմ բերանից դուրս եկած Խոսքը, նա պիտի պարապ ետ չդառնա ինձ մոտ, այլ կատարի իմ ուզածը և հաջողվի նրանում, ինչի համար որ ես նրան ուղարկեցի՚ (Եսայի 55:11): Ամեն: Գործելով Աստծո հանձնարարությամբ՝

Available translations